Գեղարքունիքի մարզպետարանի սոցիալական ապահովության բաժնի վարիչ Սուրիկ Խաչատրյանը մեղադրվում է զոհված ազատամարտիկի այրիից կաշառք պահանջելու մեջ։ Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն:
Քրեական գործի նյութերի համաձայն, Սուրիկ Խաչատրյանն իր մոտ է կանչել զոհված ազատամարտիկի այրի Ա. Բաղրամյանին ու ՀՀ պաշտպանության նախարարության կողմից բնակարան ձեռք բերելու նպատակով ֆինանսական աջակցություն ստանալու հարցը առաջնահերթության կարգով լուծելու և նրան աջակցելու համար պահանջել է ներկայացնել մի շարք փաստաթղթեր: Վերջինիս կողմից ներկայացվել է պահանջված փաստաթղթերը, իսկ Ս.Խաչատրյանը դրանք ուղարկել է ՀՀ ՊՆ ԶՍՊ վարչություն:
«Բարի կամքի» դրսևորման և Ա. Բաղրամյանի աջակցելու համար, նախաքննական մարմնի գնահատմամբ, զոհված ազատամարտիկի այրիից Ս.Խաչատրյանը պահանջել է 300 ԱՄՆ դոլար գումար, սակայն Ա. Բաղրամյանից ստացել է 250 ԱՄՆ դոլար:
Սուրիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Գործն արդեն գտնվում է դատարանի վարույթում։
Նշենք, որ հոդվածը նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկում՝ առավելագույնը 5 տարի ժամկետով: