Հունվարի 20-ին սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Աբովյան քաղաքի Դարանի փողոցի 2-րդ շենքի մոտից «Աբովյան» բժշկական կենտրոն շտապօգնության ավտոմեքենան պարանոցի մասում սուր-կտրող ծակող առարկայից ստացած մարմնական վնասվածքով հիվանդանոց է տեղափոխել մի քաղաքացու։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ճանապարհին այդ քաղաքացին մահացել է։
Կատարվածի մասին «Աբովյան» բժշկական կենտրոնից տեղեկությունը փոխանցել են ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները տաք հետքերով պարզել են, որ մահացածը Աբովյան քաղաքի բնակիչ՝ 36-ամյա Արտակ Օվակյանն է։
Համայնքային ոստիկանները պարզել են կասկածյալի ինքնությունը, ով նույնպես Աբովյան քաղաքի բնակիչ է։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա 33-ամյա Սուրեն Բաղրամյանն է, ով հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Կոտայքի բաժին։
Համայնքային ոստիկանների օպերատիվ գործողությունների արդյունքում հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերվել է։
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։