Երեկ՝ փետրվարի 6-ին, սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
shamshyan.com-ի տեղեկություններով՝ ժամը 23:00-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Առինջ գյուղում գործող «Ծիրանի այգի» ռեստորանային համալիրում ծեծկռտուք է տեղի ունենում:
Որոշ ժամանակ անց թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվում, որ բժիշկների հերթապահ խումբը «մարմնի բազմակի կտրած-ծակած վերքեր, կենսաբանական մահ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել երիտասարդ տղայի դի:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Հրազդան քաղաքի բնակիչ, 23-ամյա Թաթուլ Մարտիրոսյանն էր: Մինչ դեպքի վայրում աշխատում էին ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված վայրում մարմնական վնասվածք է ստացել նաև Հրազդան քաղաքի բնակիչ, 22-ամյա Սահակ Կարապետյանը: Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, ժամանել է նաև Կոտայքի մարզի դատախազի տեղակալ Արթուր Մելիքյանը: Փաստի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Ս. Գրիգորյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ՝ մարզային քննչական վարչության և Կոտայքի քննչական բաժնի քննիչների գլխավորությամբ: