▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սփյուռքը, ԱՍԱԼԱ-ի մղած պայքարն ու Ալեք Ենիգոմշյանի զարմանք պատճառող զրույց-վերլուծությունը

Առցանց տեղեկացա ԱՍԱԼԱ-ի նախկին անդամ, այժմ «Նախախորհրդարան» կազմակերպության քարտուղարության անդամ Ալեք Ենիգոմշյանի, սույն թվականի նոյեմբերի 7-ին, Նարեկացի արվեստի միության սրահում՝ ԱՍԱԼԱ-ի և Սփյուռքի պատմության վերաբերող թեմայով կազմակերպած զրույցի մասին, որը մեծ զարմանք պատճառեց ինձ:

 

Թեև անձամբ ոչ մի առնչություն չեմ ունեցել ԱՍԱԼԱ-ի շարժման հետ, սակայն ուսանողական տարիներից սկսյալ և այնուհետ, որպես հետազոտող զննել և ուսումնասիրել եմ ԱՍԱԼԱ-ի՝ (Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ (անգլ.՝ Armenian Secret Army for the Liberation of Armenia (ASALA)) և այդ կազմակերպության հարող տարբեր կազմակերպությունների կողմից հրապարակված բազմալեզու մամուլը, գրքերը և պրակները, ինչպես նաև այդ կազմակերպության մասին հրատարակված գրականությունը:

Զարմանքիս բուն պատճառն այն է, որ շուրջ երկու ժամ տևած զրույցի ընթացքում բացակայում են Սփյուռքի պատմությանը վերաբերող էական հարցերը, որոնց մասին քաջատեղյակ է այդ թեմայով զբաղվող ցանկացած հետազոտող, և ավելի զարմանալին, որ բացակայում են նույնինքն ԱՍԱԼԱ-ի ստեղծման, նրա որդեգրած ռազմավարական  դիրքորոշումների և վարած քաղաքականության ամենահիմնական թեմաները, իսկ այս բոլորի փոխարեն մատուցվում են տարբեր առիթներով տպագրված նյութերի և դեպքերի կրկնողություն, ընդ որում բազմաթիվ անճշտություններով:

 

Պարոն Ենիգոմշյանը բոլորովին շրջանցում և անտեսում է Դաշնակցություն կուսակցության և Սփյուռքի պատմության ամենակարևոր և ողբերգական իրողությունները, որոնք մեծ ցնցումներ, հետևանքներ և անդրադարձեր են ունեցել ոչ միայն սփյուռքյան, այլ երբեմն համահայկական տարողությամբ, որոնցից բավարարվում եմ թվարկել միայն հետևյալները.

- Միջազգային մասշտապով ծրագրված, Հայ Յեղափոխական Դաշնակցության ձեռքով և Լիբանանի ժամանակի նախագահ Կամիլ Շամունի ուղղակի դերակատարությամբ իրականացված Հայ եկեղեցու պառակտումը, Էջմիածնին ենթակա թեմերի խլումը, չենթարկվող կղերականների նկատմամբ դաժանությունները՝ ընդհուպ մինչև նրանց սպանությունը:

- Թուրքիայի իշխանությունների հետ, տարբեր թվականներում, ՀՅԴ-ի համաձայնությունները և համատեղ գործակցությունը: Այդ շարքում ՀՅԴ երիտասարդ անդամների զինվորական մարզումը Թուրքիայում:

- Նացիստական Գերմանիային զինվորագրվելու ՀՅԴ-ի ողբերգական գործունեությունը, նույն նացիստական ուժերին երրորդ երկրներում ծառայելը՝ Հունաստանում դաշնակցականները իրենց գլխին տոպրակներ քաշելով՝ հայ և հույն պայքարողներին մատնել են նացիներին, նույն սև էջերը կրկնվել են նաև այդ երկրի քաղաքացիական պատերազմի ընթացքում:

- Արաբական երկրներում և մանավանդ Սիրիայում, Իսրայելի հաշվին ՀՅԴ-ի կատարած լրտեսական ծառայությունը, մեծ սպառնալիքների տակ դրեց արաբական երկրների հայ համայնքերի գոյությունն ու անվտանգությունը:

Հայության կամ Հայկական դատի հետ չառնչվող ու մեծ մասամբ հակառակորդին ծառայող, կամ նրա շահին համընկնող ՀՅԴ-ի սփյուռքյան այս շարքի գործունեության ցուցակը կարելի է դեռ երկարել, սակայն այստեղ հեղինակի նպատակը Սփյուռքի պատմությունը վերլուծելը չէ, այլ այն փաստի արձանագրումը, որ պարոն Ենիգոմշյանը, որ իր զեկուցման մեջ Սփյուռքի աննշան հարցերին, ինչպիսիք են ՄԱԿ-ի մարդու իրավունքի մի ենթահանձնաժողովի 30-րդ պարբերության ձախող փորձին երկար ու բարակ անդրադարձ է կատարում, չի կարող որպես անաչառ վերլուծող, անտեսել Սփյուռքի կյանքը ալեկոծած վերոնշյալ դեպքերը:

Նույնպես անհասկանալի է, երբ պարոն Ենիգոմշյանը, իր զրույցում անգամներ հնչեցնում է, որ «Դաշնակցությունը Սփյուռքի ամենահզոր կազմակերպությունն էր», ԱՌԱՆՑ ՄԱՏՆԱՆՇԵԼՈՒ, որ այդ «հզորությունը» որտեղից էր գալիս՝ ինչի արդյուք էր, սեփական արդյունավետ և ազգանվեր գործունեությա՞ն, թե գաղութարար ու բռնապետական իշխանություններին ծառայելո՞ւ դիմաց ստացած վարձատրության:

Կիլիկո աթոռի նկատմամբ Լիբանանում և այնուհետ տեղի իշխանությունների բռնի միջամտությամբ Հունաստանում և Իրանում բեմականացված իրողությունը, ՀՅԴ-ին շնորհված ամենամեծ լծակն էր, որով այդ կուսակցության տրամադրվեց, թե՛ եկեղեցական հեղինակություն և թե՛, հայկական չափանիշներով՝ աստղաբաշխական գումար, որը մինչ օրս շարունակվում է այդ կուսակցության լծակ ծառայել, Հայաստանի անկախացումից քառորդ դար անցնելով հանդերձ: Ավելին, բազմաթիվ երկրներում, ՀՅԴ-ը «հզորացել» է, մյուս հայկական կուսակցությունների եւ խմբավորումների արգելվելու հաշվին, որի ամենացայտուն օրինակը 1935 թ.-ին Իրանում պատահածն է, երբ հիմնովին արգելվեց Սոցյալ դեմոկրատ հնչակյան կուսակցությունը, փակվեցին նրա կենտրոնները, արգելվեց թերթերն ու կալանավորվեցին ղեկավարները: Հատկանշական է, որ այդ դեպքից ընդամենը մեկ տարի անց, Նացիստական Գերմանիային և Աթաթուրքին հարող Իրանի Ռզա Շահը, 1936 թ.-ին փակեց հայկական դպրոցները, մինչ ՀՅԴ-ը շարունակում էր ազատորեն գործել և հինգ տարիների ընթացքում իր հրատարակած օրգան՝ Ալիքը երկշաբաթաթերթից վերածվեց՝ շաբաթաթերթի, ապա երկօրյայի: Հայկական դպրոցները Իրանում փակ մնացին մինչև 1941թ., երբ Անտանտի ուժերը Ռզա Շահին աքսորեցին աֆրիկյան Մորիս կղզի: 

Պարոն Ենիգոմշյանի գլուխ գործոցը, սակայն կայանում է, նույնիքն ԱՍԱԼԱ-ին վերաբերող նրա զեկուցման մեջ: Երկժամյա իր զրույցում նա չի նշում, թե որն էր ՀԱՀԳԲ-ին ԾՆՈՒՆԴ ՏՎՈՂ ՊԱՏՃԱՌԸ: Նա լրիվորեն նույնացնում է ԱՍԱԼԱ-ի քաղաքական դրույթը և ՀՅԴ-ի կողմից զուտ մարտավարական նպատակներով ստեղծված «Արդարության մարտիկներ»-ի ժամանակավոր խումբը կամ ավելի ստույգ՝ այդ անունով ՀՅԴ-ի կատարած ռազմական գործողությունները:

Զրույցում անհայտ է մնում նաև, թե որոնք են ԱՍԱԼԱ-ՀՅԴ գաղափարախոսական, քաղաքական և ռազմավարական հայեցակարգերի տարբերությունները: ՎԵՐՋԱՊԵՍ, ՆՐԱՆՔ ՈՒՆԵԻՆ ԹԵ՞ ՉՈՒՆԵԻՆ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ: Եթե ունեին, ինչո՞ւ է զեկուցողը այդ մասին լռում, իսկ եթե չունեին, այդ դեպքում ինչո՞ւ ինքը՝ պարոն Ենիգոմշյանը լքեց Դաշնակցությունը և միացավ ԱՍԱԼԱ-ի շարքերին:

Տարօրինակ է հնչում նաև, երբ պարոն Ենիգոմշյանը հայտարարում է, որ ինքը ՉԻ ԿԱՐՈՂ ասել, որ ԱՍԱԼԱ-Դաշնակցություն հակադրվածության մեջ, որ մեկի մեղքի բաժինն ավելի է եղել, երբ հանրահայտ է, որ ՀՅԴ-ի սփյուռքյան կենսագրությունը ընդհանրապես մյուս հայկական կուսակցությունների և կազմակերպությունների և նույնիքն իր կուսակցության շարքերում այլախոհների նկատմամբ հատկանշվում է ծայրահեղ անհանդուրժողականությամբ, մինչ ԱՍԱԼԱ-ի նկատմամբ մյուս հայկական կուսակցությունների վերաբերումը եղել է շատ ավելի բարեկիրթ և հանդուրժող և ավելի տարօրինակ՝ երբ նա դաշնակցական Անդրանիկ Պողոսյանին իր մտերիմ պայքարող ընկերն է անվանում, բայց իր պատկանած կազմակերպության՝ ԱՍԱԼԱ-ի քաղբանտարկյալին՝ Հովանես Սեմեճյանին՝ Դեմիրճյան է կոչում:

Խիզախ բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի նկատմամբ ապերախտության դրսևորում և ինչու ոչ, նաև, արժեքների կոպիտ աղավաղում է, երբ պարոն Ենիգոմշյանը նրա բանաստեղծությունը, ձոնված Անկարայում կախաղան հանված հերոս Լեւոն Էքմեքճյանին, համեմատում է Հովհաննես Շիրազի կողմից Լիզբոնի զոհերին նվիրված բանաստեղծության հետ: Հստակեցնեմ՝ այստեղ նահատակներին դասակարգելու խնդիր չկա, այլ խոսքը փաստերի մասին է. Կապուտիկյանը իր բանաստեղծությունը գրել է Խորհրդային տարիներին՝ 1983 թ.-ին, որը ոչ միայն բանաստեղծություն էր, այլ հասարակական մեծ ակցիա, բանաստեղծուհու կողմից դրսևորված համարձակ քայլ, որ հասկանալի պատճառներով, մեծ ռիսկերի գնով 1985 թ.-ին, այն տպագրվեց «Գարուն» ամսագրում, մեծ ոգևորություն պարգևելով հայության և անկասկած առաջին հեթին տարագիր ԱՍԱԼԱ-ի պայքարողներին: Իսկ Հովհաննես Շիրազին վերագրվող բանաստեղծությունը, որի հավաստիությունը նույնիսկ հարցականի տակ է, հրապարակվել է Սովետի փլուզումից հետո:

Պարոն Ենիգոմշյանի բացթողումները անվերջանալի, խորքային և անհասկանալի են: Նա իրականում, ԱՍԱԼԱ-ի հեղինակությունից ծախսում է «Նախախորհրդարան»-ի համար, բացահայտ տուրք տալով ՀՅԴ-ին, մանավանդ, երբ զրույցում չկա որեւէ բառ Հյուսիս-ատլանտյան ուխտի՝ ՆԱՏՕ-ի մասին, որին անդամակցել է Թուրքիան և պաշտպանվել է այդ դաշինքի կողմից:

Քաղաքական գիտությունների թեկնածու

Անահիտ Սարգսյան

Փարիզ, 17 նոյեմբերի 2014թ.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее