▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շքանշանները կյանքեր չեն վերադարձնում...

 Էրեխուն հեր է պետք, տանն էլ տեր է պետք:

 Ժողովրդական 

Ժողովրդին առաջնորդ է պետք, պետությանն էլ տեր է պետք: Հաստատ համոզմունքով և ներքին ցանկության մղումով որքան էլ առաջնորդվենք, թե յուրաքանչյուր ոք է իր գլխի և իր պետության տերը, փաստը մնում է փաստ. միշտ չէ, որ այդպես է: Քանզի աշխարհում հաստատ մի բան կա, որ հաստատ ոչինչ չկա: Հիմա համոզվեցի, որ իրոք անտեր ենք. ոչ հեր ունենք և ոչ էլ՝ տեր: Մինչդեռ կարծում էի, բայց լոկ կարծում էի...

Ազգային առանձնահատկություն ունի հայ ժողովուրդը. ցավի շուրջ է լոկ համախմբվում, իսկ գաղափարական պայքարի համար առաջնորդ դարերով է փնտրում: Եղածներին էլ անտեսում է՝ մեղմ է ասած: Հերոս որդիներին կորցնելուց հետո է միայն հիշում. հիշատակի ու մեծարման երեկոներ կազմակերպում, ասել է, թե «Գնա մեռի, արի սիրեմ», մինչդեռ ողջերին «պատվում է» անտարբերությամբ: Մենք զինվոր հարգող և սիրող ժողովուրդ ենք: Սիրո՜ւմ ենք լոկ: Սիրելով վերք չես դարմանի, ցավ չես մեղմի: Ցավոք, հայ-ադրբեջանական սահմանն անհանգիստ է, զոհերն՝ անխուսափելի, իսկ մեզ համար անհամեմատ թանկ է յուրաքանչյուր հայ զինվորի կյանքը:

ՀՀ ռազմական բարձաստիճան այրերը որդեգրել են էթիկային ոչ հարիր մոտեցում. մասնակցելով զոհված զինվորի հոգեհանգստին, կորստի ցավից խելացնոր ու կիսակենդան ծնողին են հանձնում Հայրենիքի պաշտպանության համար զոհված զավակի Արիության շքանշանը, այն էլ տեսախցիկների վկայությամբ: Հարգե՛ք մարդկանց վիշտը: Դա եթերով հրապարակելու ի՞նչ տեսանյութ է: Դա կարելի է անել շաբաթներ անց, և շատ ավելի հանգիստ պայմաններում: Շքանշանները պահե՛ք Ձեզ, ավա՜ղ, դրանք կյանքեր չեն վերադարձնում: Ցավոք, դրանք խնդիրներ չեն լուծում. իսկ զոհված շատ զինծառայողների ընտանիքներ, գտնվելով սոցիալական ծանր վիճակում (հատկապես մարզերի և սահմանամերձ շրջանների), ոչ միայն բարոյական, այլև նյութական աջակցության խիստ կարիք ունեն: Պետությունն այս հարցում ամենևին էլ շահագրգիռ չէ. իշխանական էլիտան միայն միջազգային բանկերում անձնական հաշիվները կլորացնելու, կամ եվրոպական շքեղ արվարձաններում և էկզոտիկ կզիներում շքեղ առանձնատներ գնելու <համեստ> հնարավորություն ունի: Ո՞ւր մնաց խիղճդ ՄԱՐ՛Դ` ՊԵՏՈՒԹՅՈ՛ՒՆ, մահացած զինվորիդ տան պատերը ոչ թե պաստառ, այլ ծեփուն (սվաղ) չունեն...

Վերջին օրերին լրատվական կայքերի ուշադրության կենտրոնում է Գևորգ Եղիազարյանը, ով, ծառայելով ՀՀ Զինված ՈՒժերում 2011թ. դեկտեմբերի 27-ին, շփման ԱՌԱՋԻՆ գծում մարտական պարտականությունները կատարելիս, հակառակորդի դիպուկահարի կողմից ծանր հրազենային վնասվածք է ստացել և լիարժեք ապաքինման համար երիտասարդը օգնության կարիք ունի: Առաջին վիրահատությունը հոգացել է ՊՆ-ն, իսկ երկրորդ վիրահատության համար անկարող է սատարել. Ըստ  azatutyun.am-ի` Պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը չի հիշում դեպք, երբ նախարարությունը հրաժարվել է հոգալ արտերկրում բուժում ստանալու զինվորների ծախսերը, թեպետ ըստ Հովհաննիսյանի՝ դա ՊՆ-ի իրավասություններից դուրս է:

Ի՞նչ ասել է՝ դա ՊՆ-ի իրավասություններից դուրս է:

Ո՞ր պարտականությունն է ՊՆ-ի իրավասությունների մեջ մտնում, մի՞թե դրանք թվարկելու անհրաժեշտություն կա: Խորհե՛ք բարձրաստիճան այրեր՝ ներկան գալիք է դաստիարակում...

Լրագիրն  էլ  գրել էր. Գերատեսչական լիազորություններից դուրս, մեր ունեցած տեղեկություններով, պաշտպանության նախարարության տարբեր վարչությունների մի շարք աշխատակիցներ անհատապես մասնակցել են Գևորգ Եղիազարյանի համար ընթացող հանգանակությանը և տարբեր ծավալի դրամական հատկացումներ արել բուժման կարիք ունեցող զինծառայողի համար բացված հաշվեհամարին: Ընդ որում, նախարարության աշխատակիցների հանգանակությունները, ըստ մեր աղբյուրի, շարունակվում են:

Մի՞թե պետությունն իր զիվորին ոտքի կանգնեցնելու համար գումար չունի: Իհարկե, ունի: Բայց…: Պետական բյուջեում ամեն ինչի համար գումար կա, զինվորի համար չկա՞:  

…Պաշտպանության նախարարության տարբեր վարչությունների մի շարք աշխատակիցներ անհատապես մասնակցել են Գևորգ Եղիազարյանի համար ընթացող հանգանակությանը. անշուշտ, կլինեն ինքնակամեր, բայց չի բացառվում պարտադիր դրամահավաքի պահանջը: Մի շքեղ մեքենա պակաս ունեցեք: Հրաժարվեք արտասահմանյան մեկ ուղևորությունից:

Զինվորի ՄԱՅՐԸ Հայոց Բանակին ի պահ իր ամենաթանկը՝ ՈՐԴՈՒՆ է տալիս: Ո՞ւր մնաց զինվորիդ՝ խաղաղության պաշտպանիդ, լիարժեք կյանք վերադարձնելու պարտավորության գիտակցումը: Դուք պարտավոր եք աչքի լույսի պես պահել նրան, չշրջանցենք սահմանային լարված իրավիճակը, բայց վերադարձրել եք նրան հաշմված և հրաժարվում եք բարոյական պարտավորությունի՞ց: Հասարակության նկատմամբ ցուցաբերված անտարբերությունը խորացնում է նաև հասարակություն և բանակ անջրպետը՝ տեղի տալով անվստահության և  վախի սինդրոմին, ինչն էլ նպաստում է զինծառայությունից խուսափելուն: Այո՛, հասարակությունը Բանակի դեմքն է՝ հայելին: Հասարակությունն այսօր խնդիրներ ունի, դրանք բազմաշերտ են, սակայն՝ ոչ անլուծելի: Միայն ԿԱՄՔ է հարկավոր և ոչ ավելին:

Կան մարդիկ, որոնց խիղճն, ի տարբերություն ոմանց, դեռ չի մեռել, համահայկական դրամահավաք կարող ենք կազմակերպել Գևորգին ոտքի հանելու համար: Եվ դա կանենք: Ասեք՝ Ձեր խիճն արթնացնել կարողանանք: Ցավոք, այս հարցում համոզմունքիս մեջ աներեր չեմ....

Հազարամյակների կռիվ տվեցինք ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ունենալու համար, ունեցանք Աստծո կամոք և Հայոց բազկի հավաքական ուժի շնորհիվ: Բայց էլի անտեր մնացինք... Ա՞յս էր դարերի մեր կռիվը, պետության ա՞յս տեսլականն էր մեր նախնիների մտապատկերում: Հիրավի ՝ ոչ ...

 

Ջեմմա Բաղդադյան

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее