▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ստեփանակերտում հայ պարետի նշանակման մասին զրպարտիչ գրառման համար Թաթուլ Հակոբյանի դեմ հայց կներկայացվի

Թարմացված․  Լրագրող, բլոգեր Տիգրան Քոչարյանը լուսանկար է տարածել ֆեյսբուքյան իր էջում ու գրել է․ «Թաթուլ Հակոբյան, բան չունե՞ս ասելու, փոքրիկ սուտասան»։

Արցախի ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը զրպարտության համար դատական հայց կներկայացնի լրագրող Թաթուլ Հակոբյանի դեմ։

«Ապատեղեկատվություն տարածող այդ անձը հայտարարել էր, որ արդեն իսկ նշանակվել է Ստեփանակերտի պարետ, դրան համապատասխան մենք արձագանքել էինք, որ դրանք թուրք-ադրբեջանական ջրաղացին ջուր լցնող գործիչներ են, և, ցավոք, դա մաքսիմալ տարածում է գտել լրատվականներում։ Նույն Թաթուլ Հակոբյան կոչեցյալի դեմ առաջիկա օրերին զրպարտության համար հայց կներկայացվի դատարան», - Այսօր.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Գալստյանը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3-ին լրագրող Թաթուլ Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջով հայտնել էր, որ Շուշիի «Ավան պլազա» հյուրանոցի նախկին տնօրեն Սարգիս Գալստյանը նշանակվել է Արցախում Ադրբեջանի ներկայացուցիչ՝ պարետ։ Տեղեկությունը տերածվել էր ոչ միայն հայկական, այլ նաև ադրբեջանական լրատվամիջոցներով։

Մինչդեռ պարզ դարձավ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ստեփանակերտում պարետ է նշանակել ոստիկանության գեներալ-մայոր Սարդար Սաֆարովին։

«Քանի որ իմ անունն էլ էր շոշափվում, հայց կներկայացնենք դատարան, այդ ժամանակ հանրությունը կտեսնի, որ ամեն ինչ չէ, որ կարելի է ասել ու անցնել առաջ», - նշեց նա։

Դավիթ Գալստյանից հետաքրքրվեցինք, թե այս պահին որտե՞ղ է Սարգիս Գալստյանը և նրա անվտանգությունն ինչպե՞ս է ապահովվում. «Նա գտնվում է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում։ Երբ շատ ու շատ քաղաքական գործիչներ ամպագորգոռ հայտարություն էին անում, որ նրանք վերջինն են դուրս գալու Արցախից, նա իր խոստմանը համաձայն,  մի քանի տասնյակ անձանց հետ այսօր գտնվում է Արցախում և, ես համոզված եմ, որ քանի դեռ այնտեղ կա մեկ հայ, երկրորդը լինելու է Սարգիս Գալստյանը»։  

Հարցին, թե արցախահայության վերադարձի հնարավորություն տեսնո՞ւմ է նման պայմաններում, երբ հստակ երաշխիքներ կտրվեն՝ Դավիթ Գալստյանը պատասխանեց, որ  նախկինում էլ կար անվտանգության երաշխիք. «ՀՀ իշխանություններն էլ էին խոսում, որ ացախահայության անվտանգությունն ու իրավունքները ամեն կերպ միջազգային հարթակներով և տարբեր կազմակերպություններով պաշտպանվելու են, և տեսանք, որ այդքան էլ այդպես չէ։ Ռուս խաղաղպահներն էլ այնտեղ էին և հայտարում էին, թե իրավունքներն ու անվտանգության երշխիքները կան, որ Արցախն ապագա ունի, տեսանք, որ այդքան էլ համահունչ չի իրականությանը, և Ադրբեջանն անում է այն, ինչ մտադրվել է»։

Գալստյանը նշեց, որ անձամբ չի պատրաստվում Արցախի համար պայքարը դադարեցնել. «Այո, պայքարելով Արցախի համար՝ հույս ունենք, որ մի օր վերադառնալու ենք, իսկ թե երբ... Բացի ֆիզիկական անվտանգությունից կարգավիճակի հարցն է կարևոր, թե ինչ կարգավիճակով ենք վերադառնալու և դրանից ելնելով որոշում կկայցնեն։ Իհարկե, կլինեն մարդիկ, ովքեր միայն ֆիզիկական անվտանգության ապահովման դեպքում կվերադառնան, կլինեն մարդիկ, գուցե, սոցիալական խնդիրներից ելնելով կվերադառնան, բայց մեծամասնությունը, կարծում եմ, մինչև չլինի կարգավիճակի հարցը և մոտեցումը, թե մեր կյանքը այնտեղ ինչպես է դասավորվելու և ինչպիսի միջազգային երաշխքիներ են լինելու, ըստ այդմ էլ, արդեն որոշում կկայցնեն», - եզրափակեց նա։

Թարմացված․  Հրապարակախոս Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Գեներալ-մայոր Սարդար Սաֆարովը նշանակվել է Ստեփանակերտի պարետ։ Փաստորեն լրագրող Թաթուլ Հակոբյանը ապատեղեկատվություն էր տարածում։

Բոլորովին վերջերս Թաթուլն ինձ հեռացրել է ընկերների ցանկից, քանի որ քննադատել եմ իր ու Պետրոս Ղազարյանի հայտնի հաղորդումը Հանրայինի եթերում։

Պատասխան գրառման մեջ Թաթուլը նաև ակնարկել էր, թե ես պատվեր եմ կատարում իր դեմ, այն էլ փողով։ Այսինքն, մարդն այնքան համոզված է իր անսխալականության և կարևորության մեջ, որ կարծում է, թե իրեն քննադատելու համար հատկապես պատվեր պետք է լինի։ Ինչևիցե, հուսով եմ Թաթուլը ներողություն կխնդրի ապատեղեկատվություն տարածելու և առանց այն էլ բարոյալքված հասարակությանը տեղեկատվական տեռորի ենթարկելու համար։

Ավելին, հրաշալի կլիներ, եթե Հ1-ի Թաթուլը հեռանար ընդմիշտ ու նրա տեղը զբաղեցներ Սիվիլնեթի Թաթուլը՝ հարցազրուցավարը, վավերագրողը»։

Թարմացված․ Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Քանի որ ճանապարհին էի՝ ղեկին, դրա համար եմ ուշ արձագանքում
Երեկ Իլհամ Ալիևը Ստեփանակերտում նշանակել է պարետ: Իմ լրագրող գործընկերները հարցնում են, թե պատրաստ եմ ներողություն հայցել, քանի որ շաբաթներ առաջ իմ ֆեյսբուքի էջում գրել եմ, որ ժամանակավոր պարետ նշանակվել է Սարգիս Գալստյանը: Այս նյութը լայնորեն տարածվեց հայկական և ադրբեջանական լրատվամիջոցներում:
Միանգամից ասեմ, որ ԱՅՈ, ես պատրաստ եմ իմ ամեն մի տողի համար պատասխան տալ, քանի որ իմ մասնագիտությանը և հանրության հետ աշխատանքին լուրջ եմ վերաբերվում: Ես հավասարապես պատրաստ եմ սխալ տեղեկատվության համար ներողմտություն հայցել Պուտինից, Ալիևից, Էրդողանից, Շահրամանյանից, Փաշինյանից:
2001թ. ես Բաբկեն Արարքցյանի մասին մի լուր եմ տվել, որ տարիներ անց, պարզվել է, սխալ է: Մոտ հինգ տարի անց ես պարոն Արարքցյանից հրապարակավ, օրաթերթում, ներողամտություն եմ հայցել:
Լրագրողական 30 տարիներին բազմաթիվ գաղտնի, խորհրդապահական լուրեր և փաստաթղթեր եմ հրապարակել: Այո, եղել են դեպքեր, որ լրատվությանը մասամբ է համապատասխանել իրականությանը: Բայց սա լրագրության անքակտելի մասն է: Նյու Յորք թայմսը ամեն օր իր երկրորդ էջում ՈՒՂՂՈՒՄՆԵՐ բաժին ունի, որտեղ տալիս է ճշգրտումներ, հերքումներ:
Հիմա այս դեպքի հետ կապված, կրկնեմ:
Արցախից Հայաստան տեղափոխված իմ ընկերներից մեկը, ով ծանոթ բարեկամ է Սարգիս Գալստյանին, Երևանից զանգահարել է նրան և հարցրել, թե ինչ է անում Ստեփանակերտում: Գալստյանը, ինչպես ինձ փոխանցել էր նրա բարեկամը, ասել է, որ ինքը նշանակվել է ժամանակավոր կամենդանտ, ասել է, որ ինքը խոսում է Խանքենդիից, իր բարեկամներին, ովքեր ստիպված արտագաղթել են Հայաստան, խորհուրդ է տվել վերադառնալ Ղարաբաղ:
Այս լուրը տալիս, ես չեմ նշել անուն-ազգանուն: Այն բանից հետո, երբ ադրբեջանական Աղդամ ԹԻՎԻ-ին Գալստյանի նկարով տվեց նման լուր, գուցե իմ էջեց են վերցրել, ես հրապարակեցի Սարգիս Գալստյանի անունը: Նրա նկարը ես չունեի, քանի որ իր ֆեյսբուքյան էջը այլ անունով է: Հետո գտա նրա ֆեյսբուքի էջը՝ Սարար Շուշի, բնակվում է՝ Սանկտ Պետերբուրգում:
Հնարավոր է՞ ինձ մոլորության մեջ են գցել: Գրեթե բացառում եմ:
Մի քանի օր անց մամուլում հրապարակվեց մի հրամանագիր-փաստաթուղթ, ըստ որի Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը, նախքան Արցախը գոյությունը դադարեցնելու մասին հրամանագիրը, իր աշխատակից Գալստյանին պաշտոնի է նշանակել:
Գուցե Գալստյանը ժամանակավոր կամենդանտ ասելով սա է՞ նկատի ունեցել: Դժվարանում եմ ասել:
Ինձ ասացին նաև, դեռ չեմ նայել, ղեկին էի, որ Գալստյանը և իր բարեկամները, որ տեղափոխվել են Հայաստան, պատրաստվում են իմ դեմ դատական հայց ներկայացնել:
Սա շատ ողջունելի և քաղաքակիրթ եղանակ է: Շատ ցանկալի կլիներ, որ Գալստյանը անձամբ ներկա լիներ դատարանում: Երկու օր առաջ նրա հետ կապ են հաստատել և, ըստ նրա բերեկամի, Գալստյանը դեռևս Արցախում է: Դատական պրոցեսը նաև կարող է օգտակար տեղեկատվությունների պատճառ դառնալ, հատկապես այսօր, երբ Արցախում իշխանափոխություն իրականացրած անձինք որևէ ձևով չեն պատասխանում լրագրողների հարցերին:
Իմ դեմ դատական հայցը, այո, կարող է շատ օգտակար լինել:
Առայժմ այսքանը:
Հարգանքներով և բարեկամաբար՝ Թ. Հ.
16 հոկտեմբեր, 2023թ, Երևան»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее