Հունվարի 5-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժին է ահազանգել Երևանի բնակիչ 29-ամյա Վ․ Վ․-ն և հայտնել, որ իր բարեկամի տանից գողություն է կատարվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգով դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի և ոստիկանության Մարաշի բաժանմունքի պետ Մառլեն Հակոբյանի գլխավորությամբ։
Տեղում ահազանգողը ոստիկաններին հայտնել է, որ հունվարի 1-ին անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Նորք Մարաշում գտնվող Արփենիկ Նալբանդյան փողոցի 25 հասցեում գտնվող առանձնատան երրորդ հարկի պատուհանը, մտել ներս և այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար ու ոսկյա զարդեր։
Շամշյանի տեղեկություններով՝ թալանված տունը պատկանում է 29-ամյա Հարություն Մաղաքյանին, ով նախկինում աշխատել է ՀՀ գլխավոր դատախազությունում և այս պահին գտնվում է արտերկրում, իսկ նրա տանից հափշտակել են մոտ 15 մլն հհ դրամ և մոտ 10 մլն դրամի ոսկյա զարդեր։