Դեկտեմբերի 11-ին արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Գորիսի ԲԿ-ից ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների խումբը կանչով մեկնել է Շինուհայր գյուղ՝ նռնակի պայթյունից վիրավորում ստացած քաղաքացուն բուժօգնություն ցուցաբերելու համար։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հասնելով դեպքի վայր՝ բժիշկները հայտնել են, որ այնտեղ հայտնաբերել են տղամարդու դի։
Ոստիկաներն ու քննիչները պարզել են, որ մահացածը Սյունիքի մարզի բնակիչ՝ 57-ամյա Պարգև Ս-ն է։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս Շինուհայր գյուղի 11-րդ փողոցի 9-րդ շենքի ձախակողմյան հատվածում գտնվող, իրեն պատկանող հողատարածքում է եղել, երբ նկատել է, որ իր համագյուղացի Ա. Ղ-ն մոտենում է դեպի իր հողատարածքին։
Ըստ Ա. Ղ-ի՝ Պարգև Ս-ն հրահանգել է իրեն՝ չմոտենալ, հեռանալ տարածքից, որից հետո լսվել է պայթյունի ձայն։
Ա. Ղ-ն հայտնել է, որ հնարավոր է՝ պայթեցնելու եղանակով Պարգև Ս-ն ինքնասպան է եղել։
Դեպքի փաստով Գորիսի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ Դեպքի հանգամանքները պարզելու համար նշանակվել է դիակի դատաբժկական փորձաքննություն։
Արդյոք Ա. Ղ-ի հայտնած տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, և տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե դժբախտ պատահար, պարզվում է։
Աղբյուրի տեղեկություններով՝ Պարգև Ս-ն աշխատում էր Տաթևի համայնքապետարանում։