Երեկ՝ օգոստոսի 22-ն, առեղծվածային ոը սահմռկեցուցիչ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։
Ժամը 11։30-ի սահմաններում ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել Տավուշի մարզի բնակիչ՝ 67-ամյա Լորիկ Բադիրյանից, ով հայտնել է, որ Վազաշեն բնակավայրի սկզբնամասում այրված դի կա, գրում է shamshyan.com-ը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Սերգո Ավետիսյանը, ոստիկանության Իջևանի բաժնի պետ Կարեն Գևորգյանը, Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչութան պետի պաշտոնակատար Գյոզալյանն ու Տավուշի մարզի դատախազ Ալոյանը։
Ոստիկաներն ու քննիչները Վազաշեն գյուղի վարչական տարածքում՝ «Վիշկի Յալ» կոչվող վայրում, բերանքսիվայր վիճակում հայտնաբերել են մոխրացած դի։
Ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ պարզել են դիակի ինքնությունը, ով Վազաշեն գյուղի բնակիչ՝ 23-ամյա Սևադա Ղազարյանն էր։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանություն ահազանգած Լ. Բադիրյանը Վազաշեն բնակավայրի վարչական ղեկավարն է։