▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թե ինչ բեջուռա կենդանի է գևորգկոստանյանական-աղվանհովսեփյանական իրավաբանությունը

«ԱԺ-ում քննարկվում է ՀՀ Դատախազության 2014 թվականի գործունեության հաղորդումը և հիմնական զեկուցող Գևորգ Կոստանյանը լրջագույն փորձությունների ենթարկելով մեր համբերությունը, խփելով շատախոսության բոլոր հնարավոր ռեկորդները, մեզ բացատրում էր, թե ինչ քմահաճ էակ է իրավաբանությունը: Ու, չնայած կիրառում էր շոումենին հարիր ժեստ, շոու չստացվեց, որովհետև հայ հանրությունը լավ գիտի ժողովրդական լեզվով ասած թե ինչ բեջուռա կենդանի է գևորգկոստանյանական-աղվանհովսեփյանական իրավաբանությունը:

Այդ իրավաբանությունն, օրինակ, որոշել է, որ 2013թ, հունիսի 1-ին իր տան մոտ տեղի ունեցած արյունալի իրադարձությունների ժամանակ Սուրիկ Խաչատրյանը քնած է եղել: Ուսումնասիրելով տեսաձայնագրությունները, 2013 թվականի սեպտեմբերի 30-ին հարց ուղղեցի Գևորգ Կոստանյանին, թե 23:08-ին ո՞վ է կանչում, ձայն տալիս  Ավետիք Բուդաղյանին: Այդ ո՞ւմ ձայնից է հետ շրջվում և ստանում մահացու վնասվածքը:

Պատասխանելով հարցիս՝ Կոստանյանն ասաց, թե ով որ կանչել է, էական չէ: Իսկ այսպես կարող է ասել միայն այն մարդը, ով կամ կիլոմետրերով հեռու է իրավաբանությունից, կամ զբաղված է քրեական գործերը կեղծողի, կոծկողի պրոֆեսիոնալ գործունեությամբ»,-ԱԺ-ում ասաց Նիկոլ Փաշինյանը:

Պատգամավորն անդրադարձավ նաև Սուրիկ Խաչատրյանի մերձավորների հեռախոսազանգերի գաղտնալսմանն ու դրա՝ տեխնիկական բարդության հետևանքով կյանքի չկոչվելուն.

«Ու այսքանից հետո Կոստանյանն ասում է, որ եթե Սուրիկ Խաչատրյանը հանցանք գործի և դա ապացուցվի՝ դատի կտա: Է, ո՞նց պետք է ապացուցվի: Ապացույցների վրա նստած՝ ապացույց եք ման գալիս: Բա տեխնիկական բարդություն ունեք, լսողական, քաղաքական, իրավագիտական բարդություն ունեք, ո՞նց պետք է ապացուցեք: Պարզ չէ, որ չի ապացուցվի: Մի հատ էլ մեզ ասում է՝ գնացեք Սյունիք, դատավարությանը մասնակցեք, տեսեք, թե ինչպես է անցկացվում, որ էլ հարցեր չտաք: Գնանք ի՞նչը տեսնեք: Ա՞յն, որ 5 ամիս է Սուրիկ Խաչատրյանի որդում որպես վկա չեն կարողանում հայտնաբերել ու հարցաքննել»,-եզրափակեց պատգամավորը:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее