Այս օրերին երբ, ամբողջ հայությունը փորձում է իր ձայնը միավորել և լսելի դարձնել միջազգային հանրությանը կապված քեսաբահայերի հետ կատարվածի հետ, դժբախտաբար զուգահեռ տեղի են ունենում գործընթացներ, որոնք կարող են լրջորեն վնաս հասցնել այս ընդհանուր գործին: Մենք բոլորս էլ գիտենք, որ Քեսաբում որպես այդպիսին վերջին դեպքերի հետ կապված ոչ մի հայ չի զոհվել, քանի որ Սիրիայի բանակը կարողացել է նախօրոք տեղեկացնել հարձակման մասին և տարհանել է ամբողջ բնակաչությանը: Կարճ ասած հայերը տուժել են, բայց մարդկային կորուստներ բարեբախտաբար չեն եղել: Այնուամենայնիվ, մենք՝ հայերս, ունենալով դառը փորձ մեր անցյալից, վախենում ենք նման տեղահանումներից և հարձակումներից, որոնք առավելևս տեղի են ունենում Թուրքիայի լիակատար աջակցությամբ, և ասոցացնում դրանք ցեղասպանության հետ: Այն, որ եթե հայերին չհասցնեին տեղահանել մենք այսօր ամենայն հավանականությամբ կսգայինք մեր հայրենակիցների կոտորածները, դրանում ես ոչ մի կասկած չունեմ, բայց ևս մեկ անգամ պետք է փառք տալ Աստծուն, որ հաջողվեց այդ ամենը կանխվել:
Այս հանգամանքներում մենք այսօր աշխարին փորձում ենք դիմել և խնդրել, որպեսզի դատապարտեն Թուրքիայի կողմից նման քայլերը և հնարավորություն ընձեռեն, անվտանգության երաշխիքներով, որպեսզի մեր քեսաբահայերը վերադառնան իրենց տները և փաստացի վերականգնվի այդ մարդկանց իրավունքները: Ցավն այն է, որ տվյալ համատեստում կան մարդիկ, ովքեր տարածում են ապատեղեկատվություն այս դեպքերի առնչությամբ՝ պոտենցիալ լուրջ վնաս հասցնելով մեր արդար պահանջին: Հիմա փորձեմ պարզաբանել ասածս:
Բանն այն է, որ հայտնի ռուսական լրատվամիջոցներից մեկը՝ Lifenews-ը տարածում է ապատեղեկատվություն, ըստ որի թուրքական բանակը ներխուժել է Քեսաբ և հայերի կոտորած կազմակերպում՝ նյութին էլ զուգահեռ տեղադրում է մի տեսանյութ, որտեղ տեսախցիկների առջև ահաբեկիչները բազմաթիվ գերիների կենդանու պես սպանում են: Իսկ, թե՛ այդ, թե՛ նմանատիպ լուրերը սկսվել են շրջանառվել մի շարք սոցիալական ցանցերում բազմահազարանոց օգտատերերի կողմից:
Այնպես իմիջիայլոց նշեմ, որ Lifenews-ի սեփականատեր է հանդիսանում ոմն Արամ Գաբրիելյանովը: Եթե նույնիսկ այս մարդը ուզեցել է ինչ-որ հայանպաստ բան անել, փաստացի մատուցել է և շարունակում է մատուցել մեզ առջի ծառայություն, քանի որ ըստ իս, եթե նմանատիպ տեղեկատվության տարածումը սկսի ավելի մեծ թափ հավաքել, ապա չի բացառվում, որ այն սկսի օգտագործվել մեր իսկ դեմ հենց Թուրքիայի կողմից: Կարճ ասած մեզ հանգիստ կմեղադրեն ստահոդ լուրեր տարածելու մեջ և խայտառակ կանեն ամբողջ աշխարհի առջև: Բայց եթե այս ամենն այսքանով վերջանար, կարելի էր պարզապես այդ Գաբրիելյանովին մեղադրել միամտության մեջ և թեման փակել, բայց կա ևս մեկ ուշագրավ հանգամանք:
Տեսեք` երեկ lifenews-ը տարածեց մի տեսանյութ, որտեղ կրկին խոսվում է Քեսաբի մասին: Տեսանյութում lifenews-ի հաղորդավարն ասում է, թե կա վարկած, որ այս ամենի ետևում կանգնած է Թուրքիան, բայց դրանից անմիջապես հետո ներկայացնում է ռուս հայտնի լրագրող, հաղորդավար Մաքսիմ Շևչենկոյից վերձրած հարցազրույցը, որի ժամանակ վերջինիս ջանք ու եռանդ չի խնայում Թուրքիային պաշտպանելու համար: Շևչենկոն համոզմունք է հայտնում, որ Թուրքիային հայերի հետ հարաբերություններ փչացնել պետք չէ, թե իբր վերջին շրջանում հարաբերությունները Թուրքիայի և Հայաստանի միջև լավացել են, և խոսքում հիշատակում է ֆուտբոլային դիվանագիտությունը և այլն:
Ստեղծված իրավիճակում ես հանգում եմ հետևյալ եզրահանգման՝ կա՛մ lifenews-ի սեփականատեր Արամ Գաբրիելյանովը միամիտ մարդ է, ով փորձել է իբր լավություն անել Հայաստանին և հայ ժողովրդին, կա՛մ էլ այս մարդը դավաճան է և սպասարկում է Թուրքիայի շահերը: Ես բնավ չեմ ուզում այս մարդուն նման կերպ պիտակավորել, բայց մյուս կողմից ինչպես մարդ կարող է նման լրատվամիջոց ղեկավարել և չհասկանալ դրա ազդեցութան մակարդակը, ուժն ու հնարավորությունները, ի վերջո պատասխանատվությունը, որ կրում է հասարակության առջև: Էլ չեմ խոսում այն մասին, որ հա՛մ նալին է խփում, հա՛մ էլ մեխին: ինչպես կարող է սկզբում հակաթուրքական հիստերի բարձրացնել, իսկ հետո խոսք տրամադրել Շևչենկոյի նման ծախու արարածին, ով հերիք չէ ցինիկաբար պաշտպանում է Թուրքիային այն դեպքում, երբ վերջինիս մասնակցության վերաբերյալ արդեն ոչ ոք կասկած չունի, դեռ մի բան էլ այդ հարձակման պահով սլաքներն ուղղում է տարածաշրջանի այլ երկրների՝ Իսրայելի և Սաուդյան Արաբիայի վրա:
Ես հուսով եմ, որ այս պարագայում մեր մեջ դավաճան չկա, բայց ցավում եմ, որ դրա հավանականությունը գնալով ավելի է մեծանում, առնվազն իմ աչքերում:
Թե իրականում ինչ է կատարվել Քեսաբում և ինչպես է կատարվածը լուսաբանվել
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet