«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը պաշտոնին նշանակվել է 2021 թվականի օգոստոսի 2-ին։ Գնել Սանոսյանը մինչև 2018 թվականի հեղափոխությունը որևէ կապ չի ունեցել քաղաքականության հետ, սակայն 2018 թվականի մայիսին՝ Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուց հետո, մինչև նույն թվականի հոկտեմբեր զբաղեցրել է ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալի պաշտոնը։ Փոխնախարարի պաշտոնը լքելուց հետո՝ Սանոսյանը 2018-2021 թվականներին եղել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետ, ապա 2021 թվականի օգոստոսին նշանակվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնում։ Գնել Սանոսյանը 2023 թվականի՝ անշարժ գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի հայտարարագրում անշարժ գույք չի հայտարարագրել, սակայն 2021 թվականի հայտարարագրում տեսնում ենք, որ Սանոսյանն ունի 3 հողամաս և 1 անհատական բնակելի տուն Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում։ 2022 թվականի հայտարարագրից հասկանում ենք, որ Սանոսյանը նախորդ տարի սեփականության իրավունքով իրեն պատկանող 4 անշարժ գույքը նվիրատվությամբ փոխանցել է եղբորը՝ Վահան Սանոսյանին։ Կանխիկ դրամական միջոցները տարեսկզբին կազմել են 150 հազար ռուբլի եւ 7,2 մլն դրամ, տարեվերջին՝ 10 մլն դրամ։ Նախարարը 2023 թվականին եղբորից՝ Վարդան Հենզելի Սանոսյանից, ստացել է 1 մլն ռուբլի գումար։ Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը, հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ, կազմել է 41 մլն 473 հազար դրամ, որը բազմաբնակարան շենքում գտնվող բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է, որի համար հաշվետու տարում Սանոսյանը ՀՀ ՊԵԿ-ից ստացել է 2 մլն 218 հազար դրամ գումար, որն էլ, եկամտահարկի վերադարձի օրենքով, հիփոթեքի մայր գումարի մնացորդն է։ Սանոսյանի կինը՝ Ռուզաննա Տոնոյանը, աշխատում է ՀՀ ՏԿԵ նախարարության ենթակայության ներքո գտնվող «Ճանապարհային Դեպարտամենտ» հիմնադրամում՝ որպես անձնակազմի կառավարման բաժնի ավագ մասնագետ, որի համար ստացել է գրեթե 4,5 մլն դրամ աշխատանքի վարձատրություն։ Հիշեցնենք, որ «Հետքը» հոդված էր հրապարակել, որի համաձայն՝ ՏԿԵ նախարարի թոշակառու մայրը 230 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում. ավելի ուշ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը հայտնեց, որ 230 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ առանձնատուն կառուցելու փաստով ստուգումներ են իրականացվում։ |
ՏԿԵ նախարարի հայտարարագիրն ու թոշակառու մոր 230 հազար դոլար արժողությամբ տան կառուցումը
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet