ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ մաքսանենգ ճանապարհով Հայաստանի Հանրապետություն թմրամիջոցներ տեղափոխելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Հայտարարվել է հետախուզում։
«Հայփոստ» ՓԲ ընկերության փոստերի փոխանակման կետում ֆրանսիայից առաքված ծանրոցի զննության ժամանակ հայտնաբերվել է «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց։ ՀՀ ՔԿ Երևանի քննչական վարչության վարույթում իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են առաքողի ինքնությունը, քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ։
Նախնական քննության տվյալներով՝ ՀՀ քաղաքացի, Ֆրանիսայում փաստացի հաշվառված Ա.Ավանեսովը հեռախոսակապի միջոցով նախնական համաձայնության է եկել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորի հետ՝ առանձնապես խոշոր չափերի «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոցը մաքսանենգ ճանապարհով ՀՀ առաքելու և վերջինիս իրացնելու հարցի շուրջ: Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ կալանավորը Ա.Ավանեսովին հաղորդել է իր եղբոր տվյալները և հաշվառման հասցեն՝ ծանրոցը, որտեղ պետք է թաքցվեր թմրամիջոցը, եղբոր անվամբ առաքելու նպատակով:
«Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոցը փաթեթավորվել է պոլիէթիլենային փաթեթում և մաքսային հսկողությունից թաքցնելու նպատակով տեղադրվել սափրվելու համար նախատեսված՝ «NIVEA FOR MEN» տեսակի փրփուրի տարայի մեջ, ապա Ֆրանսիայի Հանրապետությունում գործող փոստային ծառայության միջոցով առաքվել Հայաստան՝ կալանավորի եղբոր հաշվառման հասցեով: Թմրամիջոցը հայտնաբերվել է «Հայփոստ» ՓԲ ընկերության փոստերի փոխանակման կետում՝ ծանրոցի զննության ընթացքում:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ քննիչը որոշում է կայացրել Ա.Ավանեսովին որպես մեղադրյալ ներգրավել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով։ Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Թմրամիջոցը Հայաստան է առաքվել սափրվելու համար նախատեսված փրփուրի տարայի մեջ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet