▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիան մենակ մնաց

Հայաստանում է թուրք գրող Քեմալ Յալչընը: Հոկտեմբերի 14-ից 17-ը Նյու Յորքի «Վլադիմիր Քոչարյան» թատերախումբը Հայաստանում առաջին անգամ կներկայացնի Յալչընի «Հոգիս ձեզմով կը խայտայ» համանուն գրքի վրա բեմադրված փաստագրական դրաման: Ներկայացումները տեղի կունենան հոկտեմբերի 14-ին և 15-ին Գյումրիում ու Վանաձորում, իսկ  17-ին Երևանի Ստանիսլավսկու անվան թատրոնում:

«Բարև, իմ սիրելի՛ քույրեր ու եղբայրներ»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայերենով ողջունեց Քեմալ Յալչընը՝ շարունակելով.

«Գիտեմ, որ իմ արածները ձեզ համար շատ քիչ են: Ցեղասպանությունը, իմ կարծիքով, հիմա էլ շարունակվում է, քանի որ թուրքական իշխանությունները ժխտում են կատարվածն ու չեն ընդունում: Եվ, որպեսզի այն դադարի՝ պետք է առերեսվել պատմությանը, հակառակ դեպքում տարածաշրջանում խաղաղություն չի լինի»:

Թուրք գրողի խոսքով՝ Հայոց ցեղասպանության  100-րդ տարելիցին աշխարհում մնացած միակ պետությունը Թուրքիան էր.

«Թուրքիան մենակ մնաց 2015 թվականին, որովհետև իշխանություններն անընդհատ նույն երգն են երգում.սուտ, կեղծիք: Թուրքիան ինքն ասում է, ինքը՝ լսում»,-նկատեց Քեմալ Յալչընը:

Գրողի փոխանցմամբ՝  հայ ժողովրդի պատմությանն ինքը ծանոթացել է Գերմանիայում, քանի որ  Թուրքիայում անգամ համալսարանում ուսանելու տարիներին հայության մասին ոչինչ չի իմացել՝ բացառությամբ դպրոցական գրքերում հանդիպած հակահայ մտքերի: 1974-78 թվականներին, երբ «Ժողովրդի ուղի» թերթում հակաիշխանական հոդվածներով է հանդես եկել, նրան սկսել են հետապնդել և 1980  թվականին բանտ չընկնելու համար փախել է Թուրքիայից՝ հաստատվելով Գերմանիայում: Թուրքիա է վերադարձել  1995 թվականին՝ կատարելու իր հայուհի ուսուցչուհու՝ Մելինեի պատգամը:

«Վերապատրաստման դասընթացների էի մասնակցում ու Մելինեն էր ինձ դասավանդում: Ամեն երկրից պատմում էր, բացի Հայաստանից: Հարցրեցի, թե ո՞րն է պատճառը, նա պատասխանեց, որ իրենց ցավը պատմելի չէ: Ես հայտնեցի, որ ցանկանում եմ գրել հայության մասին, իսկ նա ասաց.

«Դու գնա Արևմտյան Հայաստան, շրջիր, գտի՛ր այնտեղ 1915 թվականը վերապրածների, նոր ես կխոսեմ քեզ հետ»: Գնացի ու գտա վերապրածների և ցնցվեցի՝ լսելով նրանց պատմությունները:  «Հոգիս ձեզմով կը խայտայ» գրքում նաև Մելինեի ընտանիքի պատմությունն է»,-ասաց Քեմալ Յալչընը:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее