▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիան պետք է հետևի Գերմանիայի օրինակին

Աշխարհի մի շարք երկրներ տարբեր ժամանակներում 1915 թ. Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները որակել են որպես ցեղասպանություն: Վերջերս Ցեղասպանությունն ընդունեցին նաև Գերմանիան և Ավստրիան: Հայոց Եղեռնն այսօր տարբեր պատճառներով չեն ընդունում  մի շարք պետություններ, որոնցից է, օրինակ, Բրազիլիան: Այս երկրի՝ Հայոց ցեղասպանության չընդունելու մասին զրուցել ենք Բրազիլիայի Սան-Պաուլո քաղաքի «Ռադիո Արմենիա Էթերնա» հայկական ռադիոժամի, նույնանուն ինտերնետային հեռուստաընկերության և «Հայ երիտասարդ ֆիդայիներ» ֆուտբոլային ակումբի հիմնադիր Սարգիս Կարամեկյանի հետ, ով Հայաստան էր ժամանել՝ իր հարգանքի տուրքը անմեղ զորհերի հիշատակին մատուցելու համար:

«Չեմ կարծում, որ Բրազիլիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը, որովհետև Բրազիլիան և Թուրքիան դաշնակիցներ են: Մեծ է կապը  առևտրային ոլորտում: Ուստի, այսօր մենք փորձում ենք Հայաստան-Բրազիլիա կամուրջ ստեղծել: Այնպես, ինչպես Թուրքերն արեցին: Ջանք չպետք է խնայենք: Բայց, պետք է նշեմ, որ Բրազիլիայի մի շարք քաղաքներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Ամենամեծ նահանգի` Սան Պաուլոյի օրենսդիր խորհուրդը 2006 թվականին ապրիլի 24-ը «1915 թվականին ցեղասպանությանը զոհ գնացած միլիոն ու կես հայերի հիշատակման օր» ճանաչելու մասին օրենք է ընդունել: Օրենքը, որով ըստ էության ճանաչվում է Ցեղասպանությունը, Սան Պաուլոյի խորհրդարանն ընդունել է միաձայն: Բրազիլական հաջորդ նահանգը, որի խորհրդարանում կրկին միաձայն ընդունվել է Ցեղասպանությունը ճանաչող օրենք, Սեարան է»,-մեզ հետ զրույցում ասաց Սարգիս Կարամեկյանը:

Անդրադառնալով Հռոմի պապի՝ Հայոց ցեղասպաության մասին հայտարարությանը, զրուցակիցս նշեց. «Նա երբ ժամանակին պատրիարք էր Բուենոս Այրեսում, միշտ խոսել է Հայոց ցեղասպանության մասին:  Այս մարդը շատ խելացի, պատրաստված Պապ է»:

Ինչ վերաբերում է Գերմանիայի կողմից օրերս Հայոց ցեղասպանությունը ճանաչելու փաստին, Սարգիս Կարամեկյանը նկատեց. «Դա Գերմանիայի պարտականությունն էր: Նրանք շատ են օգնել Օսմայան Թուրքիային:  Ահա, խելացի կառավարություն ունի այս երկիրը, որը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, քանի որ այն իրենց նախնիների սխալն էր: Թուրքիան պետք է հետևի Գերմանիայի օրինակին»

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее