Համացանցում քննարկումների թեմա է դարձել այն հանգամանքը, որ նախկին դատավոր Ուզունյանը Հայաստանից մեկնել է այն օրը, երբ քննարկվել է նրան կալանավորել-չկալանավորելու հարցը:
Թողին փախավ ,նոր հետախուզում ՝ կրկեսը շարունակվում է,-գրել է Աջափնյակի նախկին փոխթաղապետ Արամ Մանուկյանը։

««Հոկտեմբերի 27»-ի գործով դատավորը լքել է Հայաստանը, նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել...
Կարծում եմ Նիկոլ Փաշինյանը պետք է անձամբ պարզաբանի, թե ինչ է սա՝ սաբոտա՞ժ, թե համակարգային ձախողում, գուցե կոռուպցիա՞....Անուն տվեք երեւույթին ...»,-գրել է Արմենուհի Վարդանյանը։
«Դուք խոսում եք պետական համակարգի դիմադրության մասին, իսկ սա արդեն փնթի ամենաթողություն է
Ով պետք է պատասխան տա սրա համար»,-գրել է ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը։
Հիշեցնենք, որ Սամվել Ուզունյանը հատել է ՀՀ պետական սահմանը. նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել:
«Բարձրագույն դատական խորհրդի կողմից ՀՀ դատախազության ներկայացրած միջնորդությունների բավարարումից անմիջապես հետո՝ դեկտեմբերի 20-ին, երեկոյան ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնակատարի որոշմամբ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահ Սամվել Ուզունյանը գործով ներգրավվել է որպես մեղադրյալ, և որոշումն ուղարկվել է ՀՀ ՀՔԾ՝ նրան մեղադրանք առաջադրելու և խափանման միջոցի ընտրության հարցը լուծելու նպատակով:
Ապա դատարանը բավարարել է նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը, և Ոստիկանությանը հանձնարարվել է նրան ներկայացնել վարույթն իրականացնող մարմնին: Սակայն տվյալներ են ստացվել, որ միջնորդությունների ներկայացման և քննարկման ժամանակահատվածում Ուզունյանը լքել է ՀՀ պետական սահմանը և որոշում է կայացվել նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին: Դատախազության հանձնարարությամբ միջոցներ են ձեռնարկվում Ուզունյանի՝ ՀՀ տարածքը լքելու հանգամանքները պարզելու և բավարար հիմքերի առկայության դեպքում քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
Ավելի վաղ, ոստիկանությունից հայտնել էին, որ Սամվել Ուզունյանի ուղեբեռի մեջ օդանավակայանում հայտնաբերվել է փամփուշտ, որի հանգամանքները պարզվում են, սակայն չէին մանրամասնել, թե որտեղ է հիմա գտնվում Ուզունյանը:
Ըստ մամուլում տարած տեղեկությունների` Սամվել Ուզունյանը մեկնելիս է եղել Մոսկվա Երևան-Մոսկվա չվերթով, և հենց «Զվարթնոց» օդանավակայանում են նրա ուղեբեռը ստուգելիս հայտնաբերել փամփուշտը:


