«Հայփոստի» հղի աշխատակցուհուն հարվածներ հասցրած անձը կալանավորվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել հունվարի 10-ին, ժամը 16-ի սահմաններում։ Մի տղամարդ մտել է Երևանի Երվանդ Քոչարի փողոցում գտնվող «Հայփոստի» բաժանմունք և հայտնել, որ ցանկանում է ստանալ իր անունով արտասահմանից ուղարկված ծանրոցը։
«Հայփոստի» աշխատակցուհին ստուգելուց հետո հայտնել է, որ նրա անունով ծանրոց չկա։
«Պատասխանը լսելուց հետո տղամարդը, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, տևական ժամանակ հնչեցրել է հայհոյանքներ, հարվածներ հասցրել «Հայփոստի» հղի աշխատակցուհուն և կոտրել բաժանմունքի գույքը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ներկաներից մեկն ահազանգել է ոստիկանություն։ Խուլիգանության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանները օպերատիվ կերպով ճշտել են տղամարդու ինքնությունն ու ձեռնարկել որոնողական միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ։Հունվարի 14-ին ոստիկանները 39-ամյա տղամարդուն հայտնաբերել ու բերման են ենթարկել։ Տղամարդը ներկայացվել է դեպքի նախաքննությունը վարող մարմնին, ձերբակալվել, ապա կալանավորվել։
Դեպքի հանգամանքները պարզվում են։ Նախաքննությունը շարունակվում է: