Հայտնի գործարար Վահագն Հովնանյանի խոսքով՝ օլիգարխներն ամբողջովին իրենց ձեռքն են վերցրել Հայաստանի տնտեսությունը, և եթե իրավիճակը չփոխվի՝ «սա մահ է տնտեսության համար»:
Արդեն տասը տարուց ավելի Հայաստանում գործարարությամբ զբաղվող Հովնանյանը նման կտրուկ գնահատական է տվել «Ազատության» հետ զրուցում:
Համաշխարհային բանկի՝ անցած նոյեմբերին հրապարակած զեկույցի համաձայն, Հայաստանի տնտեսությունը ամենամոնոպոլիզացվածն է նախկին ԽՍՀՄ ու Արևելյան Եվրոպայի երկրների շարքում:
Փորձագետները համոզված են, որ Հայաստանի տնտեսության նման մոնոպոլիզացված վիճակն է նաև պատճառը, որ մեր երկիրը մինչ օրս չի կարողանում վերականգնել տնտեսության մինչճգնաժամային՝ 2008թ․ ծավալները:
Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացմամբ, եթե Ադրբեջանը ճգնաժամի հենց հաջորդ տարում՝ 2010-ին, վերականգնեց իր տնտեսության 2008թ․ ծավալները, իսկ Հայաստանի մյուս հարևանը՝ Վրաստանը կարողացավ դա անել 2011-ին, ապա մեր երկիրը կկարողանա հասնել 2008-ի ծավալներին միայն 2016 թվականին։
«Բոլորն էլ նույնն են խոսում, որ իրենց ամբողջ դրամը իրենց ձեռքերի, բանկերի, ներդրումների մեջ է, որ չի շարժվում դրամը։ Դա մահ է տնտեսության համար։ Ես խիստ եմ խոսում, բայց ուզում եմ, որ անպայման մեկը սկսի լսել, ճիշտ ժամը հիմա է, արդեն ժամանակ է։ Ժողովուրդը հույսը կտրել է, ժողովուրդը պետք է արթնանա և սկսի վերականգնել իր հույսերը»,- ասել է գործարարը։
Հովնանյանը մատնացույց է արել դեղերի շուկան, որը, նրա խոսքով, ամբողջովին գրավված է, մոնոպոլիզացված։
«Չկա մեկը, որ չի տեսնում դա, դա այնքան պարզ է երևում։ Չխորանանք անձերի վրա, բայց ճշմարտությունը այն է, որ այս ժողովուրդը պետք է առաջ գնա և ներդրումներ անի, մոնոպոլիաները պետք է քայքայվեն, մրցակցությունն է, որ երկիրը առաջ է տանում։ Այստեղ մրցակցություն չկա»,- ասել է Հովնանյանը։
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://168.am/2014/07/28/391811.html?fb_action_ids=809306182436889&fb_action_types=og.likes&fb_ref=.U9Zz2_N_I6w.like
© 168 Ժամ առցանց լրատվական կայք