Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։ |
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեռ քննարկումների մեջ է, թե ում են նշանակելու նոր ձեւավորվելիք ներքին գործերի նախարար:
Ինչպես հայտնի է, Ոստիկանությունը եւ Արտակարգ իրավիճակների նախարարությունը միավորվելով ստեղծվելու է Ներքին գործերի նախարարություն: Այս կառույցի ստեղծման մասին դեռ խոսակցություններից ի վեր այդ պաշտոնի համար տարբեր անուններ են շրջանառվել, այդ թվում՝ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի անունը, սակայն իշխող թիմում կարծես թե հակված են այլ որոշում կայացնելու, քանի որ Հակոբ Սիմիդյանի աշխատանքից դժգոհ են, եւ նոր բացահայտումներ են եղել: Առաջիկայում այդ մասով «Ժողովուրդ» օրաթերթը մանրամասներ կներկայացնի:
Եվ, ահա, մեր տեղեկություններով՝ այժմ իշխանությունները որպես ներքին գործերի նախարար են տեսնում ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանին։ Թեեւ նա հրապարակային կերպար չէ, եւ դժվար է պատկերացնել, թե ինչպես է ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ամբիոնից խոսելու, այնուամենայնիվ այս պահին ՔՊ թիմում քննարկումները Ղազարյանի ուղղությամբ են: ՀՀ ոստիկանապետի պաշտոնը թերեւս կզբաղեցնի Վահե Ղազարյանի առաջին տեղակալը՝ Արամ Հովհաննիսյանը: Վերջնական որոշում, սակայն, դեռ չկա:
Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: