Այսօր՝ նոյեմբերի 1-ին, սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15։05-ի սահմաններում Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել Լոռու մարզի բնակիչ՝ 48-ամյա Արայիկ Վ-ից, ով հայտնել է, որ Երևանյան խճուղու շենքերից մեկի իր բնակարանում հայտնաբերել է մոր՝ 82-ամյա Էֆրիդա Գրիգորյանի դին՝ երակները կտրած վիճակում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանն, ահազանգողը հայտնել է, որ իր տեղեկություններով՝ մայրը ինքնասպան է եղել։
Ոստիկաններն ու քննիչները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ, այնուհետև տանելով բացատրական աշխատանքներ, հասնում են արդյունքի, որ Արայիկ Վ-ն հայտնում է դեպքի որոշ հանգամանքներ։
Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին չենք հրապարակում։ Դեպքի վայրից ոստիկանները Լոռու մարզային վարչության պետի ու Բազումի ոստիկանապետի հանձնարարականով Բազումի բաժին են տեղափոխում նույն հասցեի բնակիչ՝ 18-ամյա Անդրանիկ Վ-ին։
Պարզվում է, որ վերջինս խոհանոցային դանակով հարվածել է սպանվածի, ով իր տատն է, աջ ձեռքի դաստակի շրջանին, ինչից հետո տատը վայր է ընկել։ Որոշ ժամանակ անց նա տատուն բարձրացրել է գետնից և տեղափոխել ու պառկացրել նույն սենյակի անկողնու վրա՝ դանակը դնելով տատու աջ ձեռքի մեջ, այնուհետև դուրս է եկել տանից, զանգահարել իր մորը և դեպքի վերաբերյալ պատմել որոշ մանրամասներ։ Դեպքի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Անդրանիկ Վ-ն, որպես կասկածյալ, քննիչի որոշմամբ ձերբակալվել է։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հայտնաբերվել է հանցագործության գործիք դանակը, որը քննիչն առգրավել է։