Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության նիստը սկսեց կոշտ գնահատականներով, անընդունելի համարելով, որ հասարակության որոշ անդամներ սկսել են իրենց դժգոհությունն արտահայտել ծայրահեղ սանձարձակ և սադրիչ եղանակներով: Խոսքը պատգամավորների և նախարարների վրա մետաղադրամներ նետած երիտասարդների մասին է: Համաձայն եմ վարչապետի հետ, որ իշխանության ներկայացուցիչներն էլ ունեն մարդու բոլոր իրավունքներն ու ազատությունները, և չի կարելի նրանց ամբոխային եղանակով նվաստացնել:
Ուզում եմ, որ մեր վարչապետն էլ համաձայն լինի ինձ հետ, որ հաճախ բողոքի նման արտահայտությունները տեղի են ունենում այն պատճառով, որ այս կամ այն չինովնիկը տարիներ շարունակ անտեսում է հասարակությանը հուզող մեծ կամ փոքր խնդրի լուծումը: Հիշենք Մաշտոցի պուրակը, Փակ շուկան, քաղաքային ամենատարբեր խնդիրները, հիմա էլ Աֆրիկյանների տունը, գազը, էլեկտրաէներգիան ու էլի շատ բաներ:
Այ, եթե կառավարության նիստերում ժամանակ առ ժամանակ կոշտ գնահատականներ ստանային քաղաքապետը, մշակույթի , քաղշինի և մյուս նախարարները, գուցե թե վիճակն այսօր մի փոքր այլ լիներ:
Վարչապետին առաջարկում եմ խիստ խոսել ոչ միայն հետևանքների, այլև դրանք ծնող պատճառների մասին: Իսկ, ընդհանրապես ինձ դուր են գալիս խիստ խոսող վարչապետերը: