ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ-ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
Ինչպես հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հրամանագրում ասվում է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ.
Օլեգ Եսայանին ազատել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»:
Նախագահի մեկ այլ հրամանագրով Վարդան Տողանյանը նշանակվել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։
Հրամանագրում ասվում է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով`որոշում եմ.
Վարդան Տողանյանին նշանակել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Մոսկվա)»:
Նկատենք, որ այս փոփոխությունը հաջորդում է Վլադիմիր Սոլովյովի երևանյան ասուլիսի ժամանակ ՌԴ-ում Հայաստանի դեպանի հասցեին հնչեցրսծ քննադատական կարծիքին։
Հատկանշական է, որ Վարդան Տողանյանի անունը առկա է օֆշորոյանին հաշվետերերի մասին աղմկահարույց զեկույցներում, որ առավել հայտնի է «Պանամական փաստաթղթեր» անունով։
Վարդան Տողանյանը քաղաքագիտության դոկտոր է, Մոսկվայի «Եվրասիական մեդիա գրուպի» նախագահը, 1993-95թթ. նշանակվել է ՀՀ արտգործնախարարության առաջին քարտուղար, այնուհետ որոշել է մեկնել Մոսկվա, 1995-2000-ին դարձել է Հանրության հետ կապերի հարցերով ՌԴ-ում ՀՀ դեսպանի խորհրդականը:
Մամուլի հրապարակումներում նշվում է, որ Վարդան Տողանյանը ադամանդագործությամբ զբաղվող «Շողակն» ընկերության բաժնետեր է դարձել 2014-ին: