«Մենք ունենք կարգավորման վերաբերյալ մեր հստակ դիրքորոշումը, որն անփոփոխ է և այդպես էլ կմնա»,- այս մասին ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն ՀեֆՖերնի հայտարարությունը՝ ASEKOSE.am-ին տված հարցազրույցում:
Դավիթ Բաբայանի խոսքով՝
«Վերադարձ անցյալին Արցախի համար չի կարող լինել՝ թե կարգավիճակի, թե սահմանների առումով: Դա հստակ է և այստեղ մենք նույնիսկ տեսական սակարկությունների կարիք չունենք: Մենք անցել ենք շատ ծանր ճանապարհ, մեծ ու անդառնալի կորուստներ ենք կրել, և բնական է, որ անկախ պետության սահմանները և կարգավիճակը այլ երաշխիքներ են, որոնք թույլ են տալիս ապահովել Արցախի անվտանգությունը և դրա զարգացումը: Տարածքները վերադարձնելու ցանկացած փորձ հղի է անկանխատեսելի հետևանքներով, հետևաբար դա ուղղակի անհնար է»:
Հիշեցնենք, որ ASEKOSE.am-ին տված հարցազրույցում ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն ՀեֆՖերնն ի թիվս այլ հարցերի անդրադարձել էր նաև հակամարտության կարգավորման խնդրին` նշելով.
«Կարևոր է բոլորին հասկանալ, որ համաձայնության համար, կապված բուն ԼՂՀ հարցի կարգավորման հետ, կպահանջվի վերադարձնել հարակից 7 տարածքները` հանած միջանցքը. Եվ եթե հակամարտության կողմերից որևէ մեկը չի պատկերացնում լուծումն այդ տարբերակով. ապա դրա համար շատ երկար ժամանակ կպահանջվի, հակամարտությունն էլ շատ երկար կտևի»: