▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վերջին տարիների ընթացքում Հայաստանը վերցրել է 8 միլիարդ դոլարի վարկ, եթե դրա մեկ տոկոսը ծախսվեր Գյումրիի վրա, այսօր անտուն մարդ Գյումրիում չէր լինի․ Նարեկ Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների այցը Շիրակի մարզ

Շիրակի մարզ աշխատանքային այցի շրջանակներում «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները այցելել են Գյումրի և Արթիկ քաղաքներ։

Այցը մեկնարկեց Արթիկ քաղաքից, որտեղ Անկախության 44/1 հասցեում բացվեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության տարածքային գրասենյակը։

Կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը՝ խոսելով Արթիկ համայնքի մասին, նշել է, որ շուրջ 50 հազար բնակչություն ունեցող համայնքը ժամանակին արդյունաբերական կենտրոն էր և Արթիկ ասելով՝ Հայաստանում բոլորը պատկերացնում էին Հայաստանի շինանյութերի, շինարարական հումքի կենտրոնը:

«Այսօր, եթե զբոսնենք յուրաքանչյուր համայնքում, մենք կտեսնենք, որ տղամարդկանց նշանակալի մասը Հայաստանից դուրս է եկել: Նույն վիճակը այստեղ է, նույն վիճակը Շիրակի հյուսիսում է, նույն վիճակը Գեղարքունիքում է, նույն վիճակը իմ հայրենի համայնքում է: Դուք թողնում եք համայնքը՝ գնում եք, որովհետև այստեղ աշխատանք չկա»:

Ըստ Կարապետյանի,   պատճառը աշխատատեղերի բացակայությունն է։

«Ո՞վ է այն մարդը, որն այսօր պետք է գա՝ Հայաստանն առաջնորդելու: Այդ մարդը մեզ պես, ձեզ պես մարդ է, ով ժամանակին գնացել է արտագնա աշխատանքի, հաջողությունների է հասել, բայց հիշողությունը տեղն է եղել, հիշել է իր հայրենի համայնքը և հիշել է իր հայրենիքը ու հաջողության հասնելուց հետո ամեն անգամ աջակցել է իր հայրենիքին», - նշել է Նարեկ Կարապետյանը և անդրադարձել Սամվել Կարապետյանի փոփոխություններ բերող ծրագրերին։

 Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում էլ կայացել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների հանդիպումը Շիրակի մարզի համակիրների հետ։

Իր խոսքում կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը անդրադարձել է Շիրակի մարզում և Գյումրի քաղաքում առկա խնդիրներին՝ շեշտելով, որ Շիրակը ոչ միայն հանդիսանում է Հայաստանի ամենաաղքատ մարզերից մեկը, այլև 2018 թվականի իշխանափոխությունից հետո մարզում աղքատության ցուցանիշը աճել է, իսկ մարզում բնակվող ամեն երկրորդ երեխան ապրում է աղքատության մեջ։

«Վերջին տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունը վերցրել է 8 միլիարդ դոլարի վարկ։ Ամեն ընտանիքի վրա այս իշխանությունը 10-ը հազար դոլարի վարկային բեռ է դրել։ Եթե դրա մի տոկոսը ծախսվեր Գյումրիի համար, այսօր անտուն մարդ Գյումրիում չէր լինի», - նշել է Նարեկ Կարապետյանը։

Այնուհետև Նարեկ Կարապետյանը ներկայացրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի կողմից առաջարկվող ծրագրերը։

Մասնավորապես, խոսելով ծայրահեղ աղքատության հաղթահարման ծրագրի մասին՝ Նարեկ Կարապետյանը նշել է. «Ստեղծվում է ծայրահեղ աղքատության հաղթահարման պետական հիմնադրամ, որի մասին երեք օր առաջ Սամվել Կարապետյանի ներկայությամբ մենք հայտարարել ենք։ Այդ հիմնադրամում գումար է դնում մի քիչ պետությունը, մնացած մասն էլ՝ աշխարհի ուժեղ հայերը։ Ծայրահեղ աղքատության մեջ ապրող ընտանիքները, որոնց նշանակալի մասը Գյումրիում է, 5-hոգանոց ընտանիքը սկսելու է ստանալ ամսական 150 հազար դրամ, որպեսզի աշխատանքի հետ զուգահեռ կարողանա ինչ-որ կերպ երեխաներին կրթության տալ, առողջապահական հարցերը լուծել։ Սա առաջին մեծ փոփոխությունն է, որը ուզում ենք անել։ 6 ամսվա ընթացքում Հայաստանում ծայրահեղ աղքատ մարդ չպետք է լինի», - նշել է Նարեկ Կարապետյանը։

Անդրադառնալով Գյումրի քաղաքի զարգացման տեսլականին և ուղղություններին՝ Նարեկ Կարապետյանը նշել է, որ հաշվի առնելով քաղաքի պատմամշակութային ժառանգությունը՝ Գյումրին կարող է դառնալ տուրիզմի ամենապահանջված ուղղություններից մեկը, ինչպես նաև խոսել է գյումրեցիների՝ սպորտում ունեցած հաջողությունների մասին։

Հանդիպումից հետո կուսակցության անդամները քայլերթ են կատարել հայրաքաղաքի կենտրոնական փողոցներով և շփվել գյումրեցիների հետ։ Քայլերթի ընթացքում նրանք անցել են տնային կալանքում գտնվող Միքայել Սրբազանի կեցավայրի մոտով և «ազատություն, ազատություն» վանկարկումներով  ողջունել պատշգամբից իրենց միացած Սրբազանին։

info@asekose.am/095519696
Բլոգ далее