ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի անվան հետ կապված՝ հակամրցակցային գործունեություն ծավալելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով կասկածյալի կամ մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցող անձինք չկան:

Այս մասին NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Հատուկ քննչական ծառայությունից:
Սակայն ՀՔԾ-ից հրաժարվել են պատասխանել, թե գործով ինչ դատավարական կարգավիճակ ունի Վլադիմիր Գասպարյանը՝ նշելով, որ քրեական գործի նախաքննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ հայտնել չեն կարող:

Վլադիմիր Գասպարյանն էլ կայքի հետ զրույցում հայտարարել է, որ իրեն առնչվող քրեական գործի մասին կխոսի, երբ տվյալ գործով իրավական կարգավիճակ ունենա:


