Հունիսի 27-ին Վրաստանը կստորագրի ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը: Այդ մասին պարզ է դարձել պաշտոնական այցով Թբիլիսի ժամանած Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Րոմպեյի և վարչապետ Ի. Ղարիբաշվիլիի հանդիպման ժամանակ: Եվրոպացի պաշտոնյան իր այցով, կարծես, ամփոփեց վերջին ամիսներին եվրոպական մի շարք կառույցների և պետությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հաճախակի դարձած այցելությունների շարքը Վրաստան, ինչը և պետք է իր տրամաբանական հանգուցակետին հասցներ մեր հարևան երկրի կողմից ԵՄ-ի հետ ԱՀ-ի ստորագրման վերջնաժամկետի որոշմանն ուղղված բանակցությունների փուլը:
Ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ Վրաստանին բավականին կարճ ժամկետում հաջողվեց կատարել վերոնշյալ համաձայնագրի ստորագրման հետ կապված պարտավորությունները, թեև այդ հարցում, անկասկած, դեր խաղացին նաև ուկրաինական զարգացումները, որոնք ստիպեցին եվրոպացիներին արագացնել սկսված գործընթացը և հնարավորինս մոտեցնել Վրաստանի հետ ԱՀ-ի համաձայնագրի ստորագրման օրը:
Ինչևէ այս տարվա երկրորդ կեսից Վրաստանը կթևակոխի նոր շրջափուլ, կշարունակի գործել նոր տնտեսական պայմանների իրավիճակում, ինչն ինչպես դրական, այնպես էլ բացասական կոմեր կարող է ունենալ: