«shamshyan.com-ը լուր հրապարակեց, ըստ որի՝ Ժամը 11:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 31-ամյա Հովհաննես Պողոսյանը իր վարած Toyota Land Cruiser մակնիշի 006 LL 50 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 106-րդ կմ հատվածում ճանապարհի մերկասառույցի պատճառով կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և հայտնվել ճանապարհի աջ մասով հոսող Աղստև գետի ափին:
Ըստ կայքէջի տեղեկության՝ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը, իսկ Դիլիջանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել: Վիրավորը «Դիլիջան» բժշկական կենտրոնում անհրաժեշտ բժշկական օգնությունը ստանալուց հետո ռեանիմոբիլով տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը:
Yerkir.am-ը գրում է, որ կայքի տեղեկություններով՝ Toyota Land Cruiser մակնիշի ավտոմեքենան, որի պետհամարանիշները հաշվառված են ՀՀ կառավարության հաշվեկշռում, պատկանում է Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին, իսկ 31-ամյա Հովհաննես Պողոսյանը նրա վարորդն է: shamshyan.com-ի տեքստից պարզ չէ՝ ո՞վ է վիրավորված անձը:
«Այդուհանդերձ, քննությունը պետք է պարզի՝ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի մեքենան պետական կարիքների համա՞ր է հայտնվել Տավուշի մարզում, թե՞ անձնական-կուսակցական գործեր կարգավորելու կամ նախընտրական ինչ-ինչ հարցերով: Եվ այս ամենն արդյո՞ք «պատավադապետության» դեմ պայքարի շրջանակներում է»,-գրում է կայքը:
Նշված պատահարի մասին ԱԻՆ պաշտոնական տեղեկատվությունը՝ ստորև․
Դեկտեմբերի 2-ին, ժամը 17։43-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղարծին գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի 15-րդ կմ-ին «Mercedes-Benz W124» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Վ․ Հ․), դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել բետոնե արգելապատնեշին և մոտ 8 մ բարձրությունից ընկել Աղստև գետը:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ուղևոր Ն․ Վ․-ին (ծնված 1977 թ.) դուրս բերել ավտոմեքենայից․ վերջինս հոսպիտալացվել է Դիլիջանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր։ Ուղևորներ Ա․ Կ․-ն (ծնված 1982 թ.), Վ․ Հ․-ն (ծնված 1962 թ.) և Ա․ Հ․-ն (ծնված 1984 թ.) տեղափոխվել են Իջևանի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:
Ավտոմեքենան գետից դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա: