ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ոչ պաշտոնական կայքը` 2rd.am-ը ներկայացրել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի հաղորդագրությունը մամուլի համար, որը ներկայացնում ենք ստորև.
Ինչպես գիտեք, 2014 թվականի ապրիլի 22-ին 2rd.am կայքէջը հրապարակեց նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հարցազրույցի շարունակությունը:
Հիշեցնենք, որ այդ հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը շոշափել էր վերջին շրջանում ամենաքննարկվող թեմաներից մեկը՝ ՀՀ նախագահի նախաձեռնած սահմանադրական բարեփոխումները, ինչպես նաև պատասխանել էր քաղաքական օրակարգի մի քանի հրատապ խնդիրներներին վերաբերող որոշ հարցերի:
Հաջորդ մի քանի օրերին, ինչպես և սպասվում էր, հարցազրույցն ակտիվորեն քննարկվում էր:
Գոհունակությամբ արձանագրում ենք, որ այդ առիթով քաղաքական մեկնաբանների ու լրագրող-ների ճնշող մեծամասնությունը հասարակությանը ներկայացրեցին համարժեք գնահատականներ: Թեմայի շուրջ ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում ծավալված քննարկումների բնույթն ու փորձագիտական արձագանքները տալիս են բոլոր հիմքերը համոզված ասելու, որ մարդիկ ճիշտ են ընկալել բոլոր շոշափված հարցերի վերաբերյալ նախագահ Քոչարյանի հասկանալի ու փաստարկված դիրքորոշումը:
Այժմ հարցազրույցի վերաբերյալ իշխանության որոշ ներկայացուցիչների արձագանքների մասին:
Ըստ բովանդակության, այդ արձագանքները կարելի է բաժանել երկու խմբի.
1.Արձագանքներ, որոնք հանգում էին մտքին, թե սահմանադրական բարեփո-խում¬ներն այնուամենայնիվ հասարակության պահանջն է ու հասունացած անհրաժեշտություն, և այդտեղ է մեր երկրի առջև ծառացած բազմաթիվ կենսական խնդիրների լուծման բանալին:
2.Արձագանքներ, որոնք վերաբերում էին ոչ թե հարցազրուցի բովանդա-կությանը, այլ դրա ի հայտ գալու փաստին: Մասնավորապես, հնչեցին ուղղակի կամ անուղակի մեղադրանքներ առ այն, որ նախագահ Քոչարյանը մինչ իր տեսակետն արտահայտելը, պարտավոր էր հայտարարել մեծ քաղաքականություն իր վերադարձի մասին:
Հիմա դիտարկենք այդ արձագանքները առանձին-առանձին:
1.Եթե ծանոթանանք վերջին 4 տարվա ընթացքում տարբեր սոցիոլոգիական կազմակերպությունների անցկացրած հասարակական կարծիքի ուսումնասիրություններին, ապա կտեսնենք, թե որ խնդիրներն են մեր քաղաքացիները համարում ամենահրատապը:
Հարցին, թե “երկրի առջև ծառացած խնդիրներից որո՞նք եք այս պահին համարում ամենակարևորը”՝ հարցվողների գերակշիռ մեծամասնությունը տարեցտարի պատասխանում է`գործազրկությունը, աղքատությունը, արտագաղթը, ինֆլյացիան, ցածր աշխատա¬վարձը և կենսաթոշակը, ինչպես նաև կոռուպցիան :Ահա խնդիրների այն շարքը, որոնց լուծմանը մարդիկ սպասում են /իմիջիայլոց, հարցվողներից ոչ մեկը ոչ ուղղակիորեն, ոչ անուղղակի Սահմանադրությունը չի հիշատակել/:
Մոլորություն է կարծելը, թե այդ խնդիրների լուծումը կախված է սահմանադրական բարեփոխումներից, և չինովնիկների դեկլարատիվ հայտարարությունները ոչ մեկին հակառակը չեն համոզի:
Անգամ նախկին կառավարությունը, որ մշտապես օբյեկտիվ պատճառներ էր փնտրում բոլոր անհարթությունները բացատրելու համար, չէր փորձում արդարացնել դրանք Հիմնական Օրենքի անկատարությամբ:
2.Մեր մոլորակի հարյուր միլիոնավոր մարդիկ ամեն օր Facebook-ում ու Twitter-ում արտահայտում են իրենց կարծիքը բոլոր հնարավոր, այդ թվում նաև՝ քաղաքական հարցերի վերաբերյալ: Պնդումը, թե երկրի կենսական խնդիրների վերաբերյալ տեսակետ արտահայտելու համար նախ պիտի բարձրաձայնես քաղաքական նպատակներիդ մասին, այն էլ սոցիալական ցանցերի մեր դարում՝ ծանր դեպք է քաղաքավարության շրջանակներում բնութագրելու համար:
Սահմանադրության 27-րդ հոդվածով էլ կարծես թե նման որևէ նախապայման չի ենթադրվում /սա ի գիտություն արդարադատության նախարարի պաշտոնակատարի/:
Ավելին, այստեղ խոսքը գնում է մի մարդու կարծքի մասին, ով որոշիչ դեր է ունեցել ԼՂՀ պետականության կայացման գործում և տասը տարի հաջողությամբ աշխատել է ՀՀ նախագահի պաշտոնում: Այդպիսի կենսագրություն ունեցող քաղաքական գործիչն ուղղակի իրավունք չունի լռել՝ անկախ ապագայի իր ծրագրերից:
Վերջում անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ նախագահ Քոչարյանն իր հարցազրույցում չի քննարկել պետական կառավարման այս կամ այն մոդելի առավելություններն ու թերությունները:
Նա համարում է /և այդ առիթով հրապարակավ արտահայտվում/, որ իմաստնաբար կամ ապաշնորհ կերպով կարելի է երկիրը ղեկավարել ինչպես նախագահական աշխատասենյակից, այնպես էլ վարչապետական:
Նայենք ԱՄՆ-ին ու Կանադային, կամ Ֆրանսիային ու Գերմանիային: Դրանք միանգամայն տարբեր պետական կառուցվածք ունեցող հարևան երկրներ են: Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ նախագահական կամ խորհրդարանական հանրապետության մոդելը չի հաջողությունների ձեռքբերման վճռորոշ գործոնը:
Հայաստանի խնդիրները պետական կառավարման մոդելի մեջ չեն:
Խնդիրն այն է, թե ինչպես է կառավարվում մեր երկիրը:
ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակ