Այսօր՝ օգոստոսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:30-ի սահմաններում Գարեգին Նժդեհ-Սևանի փողոցի խաչմերուկում բախվել են BMW X5 մակնիշի 51 OA 100 համարանիշի և Audi ՏB մակնիշի 91 CH 100 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով կա 7 վիրավոր, որոնցից 3-ը երեխաներ են:
Վիրավորներից 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, իսկ 5 հոգի էլ «Էրեբունի» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել վթարի հարևանությամբ գործող ավտոպահեստամասերի կետի աշխատակիցները և բարձրահարկ շենքում բնակվող բնակիչներն ու այնուհետև օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները: Օպերատիվ են գործել նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը:
Բախման հետևանքով Audi-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել «Արտ Մոթորս» ՍՊԸ-ի աստիճաններին ու պատին: Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի ավագ տեսուչ Էդգար Կարապետյանն ու տեսուչ Արսեն Աղաջանյանը: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Հրայր Ստեփանյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Հ. Ստեփանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Նշված հատվածում էլ երթևեկությունը դարձել է միակողմանի և տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ճանապարհային ոստիկանները:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։