Երևանի Մալաթիայի նախկին թաղապետի որդի Անդրանիկ Զատիկյանի մահը վրա է հասել սրտի պսակաձև անոթներում արյան շրջանառության սուր խանգարումից` մեթադոնային և հաշիշային ինտոքսիկացիայի ֆոնի վրա: Այսպիսի եզրակացության են հանգել դատաբժիշկները` նշանակված փորձաքննության արդյունքում: Ինչպես տեղեկացնում է «Փաստինֆո»-ն, փորձագետները նաև եզրակացրել են, որ Ա.Զատիկյանը կենդանության օրոք տառապել է թույլ արտահայտված ընդհանուր աթերոսկլերոզով, կորոնարոսկլերոզով, սրտամկանի ծանր սնուցախանգարումով, որոնք էլ մեթադոնային և հաշիշային ինտոքսիկացիայի պայմաններում հանգեցրել են մահվան:
2013թ. հունվարի 13-ին, ժամը 07:05-ին «Մալաթիա» բժշկական կենտրոնից ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ էր ստացվել այն մասին, որ իրենց մոտ է տեղափոխվել 30-ամյա Անդրանիկ Զատիկյանի դիակը: Նրա դիակի զննությամբ աջ ոտքի գուլպայի միջից հայտնաբերվել է 5 մլ գրամանոց ներարկիչ, որի ասեղի հատվածում առկա է եղել արնանման հետք, գուլպայի միջից հայտնաբերվել էր նաև անձեռոցիկի կտոր` արնանման հետքով: Նույն օրը նշանակվել էր Ա.Զատիկյանի դիակի դատաբժշկական փորձաքննություն, իսկ հաջորդ օրը՝ նաև դիակի աջ ոտքի գուլպայի միջից առգրավված 5 մլ գրամանոց ներարկիչի դատաքիմական փորձաքննություն:
Դատաքիմիական փորձաքննության եզրակացության համաձայն, 5 մլ ծավալի համար նախատեսված, մեկանգամյա օգտագործման ներարկիչի, ասեղի և ասեղակալի վրա առկա գորշագույն նյութի հետքերը իրենց բաղադրության մեջ պարունակում են մեթադոն տեսակի թմրակտիվ բաղադրատարրերի հետքեր, որոնց քանակական հաշվարկը և սկզբնական թմրամիջոցի պատրաստման եղանակը հնարավոր չէր պարզել` հետքերի աննշան, չնչին քանակության պատճառով:
Հիմնվելով հիշյալ փորձաքննությունների եզրակացությունների վրա՝ ՀՀ ոստիկանության Մալաթիայի քննչական բաժնի քննիչ Վ.Կալաչյանը 2013թ. մարտի 21-ին հարուցվել է քրական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով` անհայտ անձի կողմից Անդրանիկ Զատիկյանին ապօրինի կերպով մետադոն և հաշիշ տեսակի թմրամիջոցներ իրացնելու դեպքի առթիվ: