Ապրիլի 4-ից Հայաստան ժամանած Հայաստան ժամանած եւ «Զվարթնոց» օդանավակայանի տարանցիկ գոտու հատուկ կացարանում գիշերներ անցկացրած ֆրանսահայ հայտնի էաբան եւ ազգաբան Ալեքսանդր Վարպետյանը վաղը մտադիր է վերադառնալ Թուրքիա, քանի որ առողջությունը այլեւս թույլ չի տալիս դիմանալ այդ պայմաններին: Այս մասին գրում է NEWS.am-ը, որի թղթակցի հետ զրույցում անձամբ Ալեքսանդր Վարպետյանը տեղեկացրել է, որ արդեն գիշերներ է անցկացրել երկաթյա նստարաններին, որոնց վրա հնարավոր չի քնել, աթոռների մեջ բաժանում չկա: Ալեքսանդր Վարպետյանն ասաց, որ թեեւ օրենքով սահմանված է, որ մուտք չտրամադրվելու դեպքում պետք է տրամադրվի կացարան` հսկողությամբ, մասնավորապես` սեղան, աթոռ, անկողին, տարրական պայմաններ, բայց իրեն ոչինչ չեն տրամադրել, «շանն այսպիսի պայմաններում չեն պահում»: Նրա խոսքով` թեեւ բոլոր օդանավակայանում նման տարրական պայմաններ կան, այստեղ չկա, պատճառաբանում են, թե նոր են այն վերանորոգել: Ֆրանսահայը նշեց, որ համարյա չի քնել, հնարավոր չէ այդտեղ քնել, ճնշումը կտրուկ բարձրացել է, դեղ են տվել, ուտելու համար էլ` «բուլկի-մուլկի»: «Նրանք պարտավոր են, եթե թույլ չեն տալիս մտնել Հայաստան, իմ անձնագրում պետք է խփվեր հատուկ կնիք, որ այս անձը ով է եւ որ իր մուտքն արգելվում է, ոչ մի կերպ չեն ուզում այդ կնիքը խփել: Նրանք պարտավոր են իմ բոլոր ծախսերը` սնունդը, մնալու եւ վերադարձի ծախսերը հոգալ: Ոչ մի բան չեն ուզում անել, սա Հայաստանն է, ու վերջ, շատ լավ գիտեք էլի այստեղի օրենքները»,- ասել է էաբանը: Նա նաեւ նշեց, որ իր հետ շատ կոպիտ, գռեհիկ են վարվում, սակայն երեկվանից վերաբերմունքը փոխվել է, երբ Ազատության հրապարակում իրեն ազատ արձակելու կոչեր են հնչել, հասկացել են, որ հարգարժան մարդ է եւ սկսել են նորմալ վերաբերվել: Ի դեպ, ԱԱԾ մամուլի ծառայության ղեկավար Արծվին Բաղրամյանը NEWS.am-ի թղթակցին հայտնեց, թե 2002 թվականից նրա մուտքը Հայաստանի տարածք փակ է, բայց չմեկնաբանեց, թե ինչու: Ալեքսանդր Վարպետյանը պարզաբանեց, որ ժամանակին նպատակահարմար չէին գտել իրեն հայտնել, թե ինչու է արգելված իր մուտքը Հայաստան, այնուհետեւ ասել են, թե ինքը ՀՀ պետական անվտանգությանը լուրջ սպառնալիք է ներկայացնում: Ֆրանսահայ Վարպետյանն այլեւս մտադիր չէ գալ Հայաստան, ավելին` ինչպես իրեն դիմավորել են, այդպես էլ դրա արձագանքը լինելու է: Նա պատրաստվում է վերադառնալ, «աշխարհում ինչքան իշխանություն կա, դուռը ծեծել եւ խնդրել, որ իրեն հարցաքննեն, ինչ կա չկա, պետք է ասեմ»: «Հայաստանն օկուպացված է մինչեւ վերջ, դա պետք է իմանան բոլորը եւ դա պետք է իմանան մեկընդմիշտ»,- ասաց նա: Իսկ թե ինչի հենց ձեզ հետ են այդպես վարվում, հարցին նա կարճ է պատասխանել է. «հիմարություն եմ ունեցել գրել հոկտեմբեր 27-ի վերլուծությունը»: Ի դեպ, վերջինս Հայաստան էր եկել հունիսի 11-ին իր 70-ամյակը տոնելու համար, ժամանել էր ավելի վաղ, որպեսզի գիրք հրատարակի: