Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը, ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը և թիմի ավագ Էդուարդ Սպերցյանը Ազգերի լիգայի նոր խաղարկության մեկնարկին ընդառաջ համատեղ ուղերձով դիմել են երկրպագուներին։
ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը նշել է, որ ազգային ընտրանին կարևոր մրցափուլի սկզբում է, որը փաստացի Եվրո-2028-ի ուղեգրի համար պայքարի մեկնարկն է. «Հավաքականի խաղերի հետևում ամիսների աշխատանք է, բայց այն ամբողջական է դառնում միայն երկրպագուների ներկայությամբ: Խաղերը հաղթում են ոչ միայն խաղադաշտում, այլ նաև տրիբունաներում»:
Գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը ասել է, որ թիմը պատրաստվում է լուրջ մրցակցության, և այս փուլում առանձնահատուկ կարևորում է երկրպագուների մասնակցությունն ու միասնական պայքարը. «Մենք լսում ենք և զգում ենք ձեր աջակցությունը»:
Ուղերձը եզրափակել է հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանը՝ նշելով. «Հավաքականի խաղը հենց ձեզ համար է»:
Ազգերի լիգայի C լիգայի 2-րդ խմբի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականն առաջին հանդիպումները կանցկացնի սեփական հարկի տակ։ Սեպտեմբերի 25-ին մեր ընտրանին կմրցի Լատվիայի հավաքականի հետ, իսկ սեպտեմբերի 28-ին կընդունի Չեռնոգորիայի ընտրանուն։


