▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեղավոր են նրանք, ովքեր Արսեն Գևորգյանին ստիպել են «քեշով» ընտրակաշառք տալ. Վահագն Ալեքսանյան

Մեղավոր են նրանք, ովքեր Արսեն Գևորգյանին ստիպել են «քեշով» ընտրակաշառք տալ, լրագրողի հետ զրույցում ասել է ԱԺ փոխխոսնակ Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով երեկ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի մահվան դեպքին։

«Նախ ուզում եմ ևս մեկ անգամ ցավակցություններս հայտնել մահացածի սգագիր հարազատներին. իհարկե ողբերգական դեպք է տեղի ունեցել, երիտասարդ մարդ է մահացել՝ անկախ քաղաքական հայացքներից, անկախ մնացածից, հայ մարդ է, Հայաստանի քաղաքացի և բնականաբար ցավ է պատճառում տեղի ունեցածը»,- ասել է նա: 

Դիտարկմանը, որ ըստ փաստաբանական թիմի, շտապօգնությունը ուշացել է և տեղ է հասել այն ժամանակ, երբ արդեն Արսեն Գևորգյանը մահացած է եղել, Ալեքսանյանն ասել է. ինչքանով ես եմ տեղյակ, որքան հասցրել եմ խոսել պատկան մարմինների հետ բողոքից մինչև շտապօգնության հասնելը 20 քանի րոպե է տևել։ Ես վստահ չեմ, որ օրինակ Ստեփանավանում կամ Հայաստանի մյուս համայնքներում, դրանից արագ է տեղի ունենում հասնելը։ Չգիտեմ նորմատիվն ինչքան է, թող քննություն լինի, ամեն ինչ պարզվի: Կարող է տպավորություն ստեղծվել, թե երկու ժամում է հասել, բայց 20 քանի րոպեում է հասել շտապօգնությունը, ինչը անթույլատրելի ցուցանիշ չէ։

«Մեղքի մասով, ես տեսնում եմ, որ երեկվանից «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչները, նրանց հետ նոր ձևավորված Սերժի ճակատի ներկայացուցիչները փորձում են այս մարդու մահը ինչ-որ քաղաքական էժան շահարկումների առիթ դարձնել։ Այս պահի դրությամբ թույլ տվեք ընդամենը խորհուրդ տալ նրանց, որպեսզի նրանք դա չանեն:

Եթե պնդում եք եկեք խոսենք թե սա ում մեղքն էր. Ո՞վ էր այդ տղային փող տվել, որ տաներ բաժաներ։ Շատ լավ, աշխատավարձ էր բաժանել, ամեն ինչ օրինական էր, բա հազար ներողություն, Սամվել Կարապետյանը անձամբ խի՞ չէր բաժանում, Սամվել Կարապետյանի տղան անձամբ խի՞ չէր բաժանում։ Այդ հարցի պատասխանը կտա՞ մեկը։

Նախ, ո՞վ էր այդ փողը տվել իրեն, ոչ միայն իրեն, այն մյուս 300 հոգունը, որ ձերբակալված են, և այդ մարդկանց ճակատագիրը հարցականի տակ է՝ անկախ նրանից, թե ինչքան իմ համար գարշելի արարք են իրենք արել։ Եթե մեղավոր ճանաչվեն, գնալու են, քրեական պատասխանատվության ենթարկվեն, տարիներով մնան բանտում։ Ո՞վ է տվել այդ փողը, որ բաժանեն, ո՞ւմ համար:

Ինչքան ասում ենք՝ չխոսենք այս թեմայով, մարդկանց ընտանիքը վշտի մեջ է, բայց եթե մեղքի բաժին են հարցնում, ասեմ՝ մեղքի բաժինը որն է։ Մեղքի բաժինը այդ ջահել տղերքին, այդ ջահել կանանց, ընտրակաշառքի գործի մեջ թաթախելն է, որ ուրիշների ձեռքով փորձեն հանցագործություններ անել։ Եթե ամեն ինչ OK է, ինչի՞ անձամբ իրենք չեն բաժանել էդ փողերը»,–ասել է ԱԺ փոխխոսնակը:

Հասարակություն ավելին