Տեղեկատվական անվտանգության փորձագետ Արսեն Լևոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Viva, Ucom և Team Telecom Armenia ընկերությունները պետք է անհապաղ դադարեցնեն նախկինում օգտագործված հեռախոսահամարների վերավաճառքը։
Նախկինում օգտագործված հեռախոսահամար ձեռք բերելիս Viva, Ucom և Team Telecom Armenia օպերատորները ձեզ չեն տրամադրում այդ համարի օգտագործման ամբողջական պատմությունը։
Դուք չեք իմանում՝ նախկինում ով է տնօրինել համարը, քանի անգամ է այն փոխանցվել այլ բաժանորդների, ինչ ծառայությունների հետ է կապված եղել և ինչ նպատակներով է օգտագործվել։
Եվ հենց այստեղից էլ կարող է սկսվել իրական մղձավանջը։
Նոր բաժանորդը կարող է բախվել նախկին սեփականատիրոջը հասցեագրված զանգերի, հաղորդագրությունների, բանկային ծանուցումների, սոցիալական ցանցերի հաշիվների վերականգնման փորձերի և նույնիսկ խարդախությունների հետ կապված խնդիրների։
Դուք գնում եք հեռախոսահամար, բայց չգիտեք, թե ինչ թվային անցյալ և հնարավոր ռիսկեր եք ստանում դրա հետ միասին։
Սա կիբերանվտանգության լուրջ խնդիր է, որը պահանջում է անհապաղ ուշադրություն։


