▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«1 տոննա կոկաինի հասցեատերը, կարծես թե, բանանի ներկրմամբ զբաղվող հայտնի ընկերությունն է». Փաշինյան

Թարմացված․ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանը հայտարարություն է տարածել. «Սույն թվականի մայիսի 13-ին՝ տեղեկանալով ՀՀ տարածքում գտնվող բանանի պահեստում շուրջ 1 տոննա կասկածելի զանգվածի առկայության մասին, անմիջապես ձեռնամուխ եմ եղել համապատասխան քայլեր ձեռնարկելուն։ Մասնավորապես, զանգահարել եմ ՀՀ ԱԱԾ տնօրենի ընդունարան, արդյունքի չհասնելով՝ քիչ անց ձայնային հաղորդագրություն եմ ուղարկել ԱԱԾ տնօրենի բջջային հեռախոսահամարին, որից հետո՝ կարճ ժամանակ անց, Արմեն Աբազյանը զանգահարել է ինձ։ Հեռախոսազրույցի ընթացքում տեղեկացրել եմ նրան, որ բանանի ներմուծմամբ զբաղվող իմ մտերիմի ընկերության աշխատակիցները կոնտեյների մեջ՝ ակնկալվող բանանի փոխարեն, հայտանաբերել են խոշոր ծավալի անհայտ ծագման փոշենման զանգված։ Տեղեկացրել եմ նաև, որ ընկերության տնօրենը՝ փաստաբանական խմբի հետ միասին, ԱԱԾ շենքի դիմաց է և ցանկանում է հաղորդում տալ։ ԱԱԾ պետին խնդրել եմ ընդունել հաղորդումն ու արագ ընթացք տալ գործին։ Եվ այս պարագայում, խախտելով գաղտնիության և անձի պաշտպանության իրավունքը, ԱԱԾ-ն գործողություններ է իրականացնում այն մարդկանց նկատմամբ, ովքեր ահազանգել են դեպքի մասին։ Բոլորին հասկանալի է, որ մարդիկ, ովքեր ցուցաբերելով իրական քաղաքացիական գիտակցություն, պատկան մարմիններին տեղեկացրել են 1 տոննա կոկաինի առկայության և գտնվելու վայրի մասին, կարող են ունենալ անձնական անվտանգության խնդիրներ։ Ելնելով մի շարք գործոններից առայժմ ձեռնպահ կմնամ այլ մանրամասներ ներկայացնելուց՝ հորդորելով պատկան մարմիններին անտեղի մարդկանց չքաշքշել։ ՀՀ համապատասխան ծառայությունները հրաշալի տեղյակ են կատարվածի մասին, գիտեն եղելությունը ուստի և կոչ եմ անում այս գործի շրջանակներում բացառել «վհուկների որսն» ու բացահայտել ամբողջ իրականությունն ու իրական պատասխանատուներին»:

«Մեկ տոննա կոկաինի հասցեատերը, կարծես թե, բանանի ներկրմամբ զբաղվող հայտնի ընկերությունն է, որի սեփականատերը ԱԺ նախկին պատգամավոր է, այժմ հետախուզման մեջ գտնվող, հանրապետական խմբակցության անդամ»,- ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մեկ տոննա կոկաինի հասցեատերը բանանի ներկրմամբ զբաղվող հայտնի ընկերությունն է, որի սեփականատերը ԱԺ նախկին պատգամավոր է, այժմ հետախուզման մեջ գտնվող, հանրապետական խմբակցության անդամ»,- ասաց Փաշինյանը։

Նշենք, որ ԱԱԾ այսօրվա հաղորդագրության համաձայն, ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում 2023 թվականի մայիսի 13-ին նախաձեռնված և իրականացվող թիվ 58221423 քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված լայնածավալ քննչական և վարութային այլ գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա քննիչի միջնորդությամբ հսկող դատախազի կողմից որոշում է կայացվել հանցավոր խմբի անդամ, «Մրգենի» ՍՊ ընկերության ներմուծումների և գնման բաժնի պետ Մ.Ղ-ի նկատմամբ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի իրացնելու և առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու համար ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին: Վերջինս դատարան ներկայացվելու համար ձերբակալվել է:

Քրեական վարույթով շարունակվում են ձեռնարկվել ծավալուն և տարաբնույթ օպերատիվ-հետախուզական և քննչական ու վարութային այլ գործողություններ՝ կատարված հանցագործությունների ամբողջական պատկերի բացահայտման, դեպքերի հետ առնչություն ունեցած այլ անձանց ինքնությունները պարզելու, նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդումներ հարուցելու և արդյունքում քրեական պատասխանատվության անխուսափելիության սկզբունքներն արդյունավետ կենսագործելու ուղղությամբ։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին