▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

4 տարբեր զենքերով փոխհրաձգություն ռեստորանում. վիճել են տնօրենը, նրա 3 ընկերն ու գյուղացիները

2020թ. հուլիսի 16-ին՝ ժամը 21:30-ի սահմաններումԿոտայքի մարզի Գեղադիր գյուղում գործող «Դաչա 56 էկո» ռեստորանային համալիրի տնօրենի, վերջինիս երեք ընկերների և նույն գյուղի բնակիչների միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում ապօրինի կերպով ձեռք բերված և պահվող զենքերից փոխադարձ կրակոցներ են արձակել միմյանց ուղղությամբ՝ վնասելով ռեստորանային համալիրի պատուհանը, ռեստորանի մոտ գտնվող ավտոմեքենաները, աշխատակիցների և հաճախորդների, հարևանությամբ բնակվող անձանց մոտ վախի մթնլոլորտ ստեղծելով, ռեստորանային համալիրի բնականոն աշխատանքը խաթարելով:

Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից՝ ներկայացնելով մանրամասներ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ (խուլիգանություն) հոդվածի 4-րդ մասով և 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կազմվել քննչական խումբ:

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել և վերցվել են չորս տարբեր հրազեններից կրակված պարկուճներ, կրակված գնդակ և չկրակված փամփուշտ, ինչպես նաև՝ 1 հատ դանակ, հարցաքննվել են վկաներ:

Կատարված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել են շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունները, որոնցից երեքին ձերբակալելու մասին որոշումներ են կայացվել, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատահետքաբանական, դատաձգաբանական, դատաապրանքագիտական և այլ փորձաքննություններ:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, լրիվ քննություն կատարելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց, նրանց կողմից ապօրինի կերպով պահվող զենքերը հայտնաբերելու, դրանք իրացրած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին