2014 թ. նոյեմբերի 29-ին, Երևանի Իսահակյան փողոցում (Գեղարվեստի ակադեմիայի անմիջական հարևանությամբ), բացվում է Սարգիս Մուրադյան պատկերասրահը` «Կինը Մուրադյանի արվեստում» ցուցահանդեսով, որը նվիրվում է նկարչի տիկնոջ` Լյուդմիլա Քեչեկի հիշատակին:
Սարգիս Մուրադյանը 20-րդ դարի երկրորդ կեսի հայ մշակույթի երևելի ներկայացուցիչներից է, սովետական արվեստում քաղաքային բնանկարի սկզբնավորողներից մեկը: Նրա ամենահայտնի գործը` «Կոմիտաս. վերջին գիշերը», 1956 թվականից ի վեր ցուցադրվում է Հայաստանի Ազգային պատկերասրահում, որտեղ պահվում է նրա ևս տասնչորս կտավ (օրինակ` «Հարսանիք Հրազդանում», «Զարթոնք», «Անտունի»): Մուրադյանի աշխատանքներից կան Հայաստանի Պատմության թանգարանում («Սարդարապատի ճակատամարտը» մեծադիր եռանկարը), Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում («Լուսաբացից առաջ» ու ևս վեց նկար), Արևելքի ժողովուրդների թանգարանում, Քյոլնի Ժամանակակից արվեստի Լյուդվիգ թանգարանում («Իմ դուստրերը. տարբերակ») և այլ թանգարաններում ու մասնավոր հավաքածուներում:
Մուրադյանի բազմաթիվ անհատական ցուցահանդեսներից հատկապես հիշարժան է 1979-1980 թթ. մեծ ցուցահանդեսը, որը բացվեց Երևանում, իսկ այնուհետև շրջագայեց Մոսկվայում, Կիևում, Ռիգայում, Լենինգրադում, Թբիլիսիում, Վարշավայում ու Կրակովում: Հետագա տարիներին նա մասնակցել է բազմաթիվ միջազգային ցուցահանդեսների` արժանանալով բարձր պարգևների և մրցանակների: 2007 թ. Հայաստանի Ազգային պատկերասրահում կայացավ նկարչի ութսունամյակին նվիրված ցուցահանդեսը, որն ամփոփում էր նրա անցած ավելի քան կեսդարյա ստեղծագործական ուղին և որն աչքի ընկավ այցելուների աննախադեպ բազմությամբ: Հետմահու ցուցահանդեսներից (2009, 2010 և 2012 թ.) սա չորրորդն է. բոլորն էլ կազմակերպվել են նկարչի ընտանիքի ջանքերով:
Պատկերասրահը ևս մասնավոր, ընտանեկան ձեռնարկ է: Այն ստեղծվել է ամուսիններ Զարուհի Մուրադյանի ու Հակոբ Ճաղարյանի ջանքերով և նյութական միջոցներով: Նրանց ծրագրերի համաձայն` Սարգիս Մուրադյան պատկերասրահը պետք է դառնա մեր մայրաքաղաքի մի նոր և ակտիվորեն գործող մշակութային օջախ, որտեղ կազմակերպվելու են ցուցահանդեսներ, գրքերի շնորհանդեսներ և այլ մշակութային իրադարձություններ:
Լուսանկարում`Զարուհի և Գոհար Մուրադյանները` Սարգիս Մուրադյանի գեղանկարի ստեղծումից 45 տարի անց:
Հեղինակ` Գերման Ավագյան