Ոստիկանապետ Վահե Ղազարյանը դուրս է եկել Պաշտպանության նախարարության շենքից, մոտեցել անհետ կորած զինծառայողների հարազատներին՝ զրուցելով նրանց հետ և թույլ չտալով, որպեսզի ԶԼՄ–ները լուսաբանեն։

Զրույցից հետո, անհետ կորած զինվորի հայրը լրագրողների հետ զրույցում ասել է, որ ՊՆ–ում պատրաստ են իրենց ընդունել, բայց առանձին խմբերով՝ ամեն անգամ 10 հոգու.
«Սկզբում պայմանն այնպես էր, որ Գլխավոր շտաբի պետը պետք է բոլորիս միասին ընդուներ, բայց հետո ասացին, որ առանձին-առանձին պետք է ընդունեն։ Քանի ժամ պետք է ինքն ընդուներ էդքանիս, կարող է առաջին տասը հոգուն ընդունի, հետո ասի՝ կներեք, գերագույն հրամանատարն ինձ կանչել է, պետք է գնամ»,– ասել է անհետ կորած զինվորի հայրը՝ տեղեկացնելով, որ նրանք հրաժարվել են այդ պայմանով հանդիպել ԳՇ պետի հետ, հանդիպման կգնան միայն այն դեպքում, եթե բոլորին միասին ընդունեն։ Խոսքը մոտ 50–60 մարդու մասին է.
«Եթե մեր պայմանը չընդունվի՝ մնալու ենք այստեղ։ Գնանք տուն՝ ի՞նչ անենք»,- ասել է անհետ կորածի հայրը՝ հավելելով, որ եթե բավարար ջանքեր ներդրվեին, տղաները շուտվանից այստեղ կլինեին:
Դիտարկմանը, թե պատճառաբանվում է, որ Ադրբեջանը վերջին պահին խախտել է պայմանավորվածությունը, պատասխանել է.
«Անընդհատ էլ պատճառը դա են բերում, իրենք էլ թող Քելբաջարը չտային, ինչի՞ տվեցին։ Նախքան Քելբաջար տալը, թող գերիներին ուզեին, ի՞նչն էր խանգարում իրենց»,- նշել է անհետ կորած զինծառայողի հայրը։
Ըստ վերջինիս՝ իր որդին ոչ թե զոհվել է կամ անհետ կորած է, այլ՝ գերի է.
«Ադրբեջանական +994 կոդով ինձ զանգ եկավ, ասացին՝ տղեդ մեզ մոտ ա: Ինձ հետ խոսելուց 5 օր առաջ նույն ադրբեջանցին նույն համարով կապի է դուրս եկել իմ տղայի հետ անհետ կորած մի քանի ծնողներիր հետ: Իրենք ինչ գիտեին, որ մեր երեխեքը չկան, ես եմ կարող ա թաղել էի: Ուրեմն գերի ա: Զանգից հետո դիմել եմ ԱԱԾ»,- ասել է նա:


