▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանցի պատգամավորը որոշել է գրասենյակ բացել Ստեփանակերտում

ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչ-որ ինքնահռչակ ազերի պատգամավոր արդեն որոշել է, որ Ստեփանակերտում գրասենյակ է բացելու (ավելին՝ գրասենյակի տեղ է փնտրում) ու զբաղվի տեղացիների իբր ներկայացուցչական գործերով։
Ադրբեջանի միջազգային հանցագործ ռազմաքաղաքական ղեկավարությունն ու նրանց մանկլավիկներն ամեն առիթ օգտագործում են իրենց հանցավոր ու ռասիստական քաղաքականությամբ Արցախի Հանրապետության հայության ներսում լարված մթնոլորտ պահելու համար։


Բայց մի բան մոռանում են։ Իրենք իրենց ամբողջ հակահայ ռասիստական քաղաքականությամբ հանդերձ ոչ այլ ինչ են, քան պատերազմական, մարդկության դեմ ուղղված հանցագործություններ կատարած և դեռ կատարող անձինք, որ պիտի ստանան արժանի պատիժ (ու կստանան)։
Իսկ արցախցին և բոլոր հայերը ոչ մի բան չեն մոռանում՝ ո՛չ իրենց մորթված զավակների և եղբայրների զոհաբերությունը, ո՛չ գերության մեջ խոշտանգվող զավակների ու եղբայրների տանջանքները և ո՛չ էլ Արցախի ու Մայր Հայրենիքի միուցումը։
Այնպես որ, ազերիները մինչև գերիներին, Արցախի բռնազավթած տարածքները չվերադարձնեն, մինչև պատերազմական ու մարդկության դեմ ուղղված հանցագործություններ կատարած անձինք չկանգնեն դատարանի առաջ, և էլի որոշ դեռ պահանջներ չկատարեն, Արցախում գրասենյակ (և այն էլ միայն պաշտոնական դիվանագիտական կամ հյուպատոսական) բացելու մասին կարող են միայն երազել։
Հ.Գ. Ակնկալում եմ Արցախի իշխանությունների արձագանքը»։

«Շուտով մեր գրասենյակը կաշխատի Ստեփանակերտում: Ներկայումս դրա համար քաղաքում տեղ է փնտրվում»,- այս մասին Twitter-ի իր էջում գրել է «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի հասարակական միավորման» ներկայացուցիչ, Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Թուրալ Գյանջալիևը:

«Որպես պատգամավոր, ով ներկայացնում է Ստեփանակերտ քաղաքի բոլոր բնակիչներին՝ անկախ նրանց էթնիկական ծագումից, ես կանեմ ամեն հնարավորը, որպեսզի լավ ծառայեմ նրանց», - գրել է Գանջալիևի հրապարակման մեջ:

Նշենք, որ ավելի վաղ Գյանջալիևը Twitter-ի իր էջում գրել է, թե մանուկ ժամանակ բազմիցս լսել է, որ իբր ժամանակին «հայերը Շուշիում ադրբեջանցիների համար տներ կառուցելիս հայկական խաչեր են տեղադրել տների հիմքում կամ պատերի մեջ, որպեսզի հետագայում պնդեն, թե դրանք պատկանում են իրենց»:

Ադրբեջանցիները կարող են Ստեփանակերտում գրասենյակի տեղ փնտրել միայն քարտեզի վրա. Այս մասին հայտարարել է ԱՀ նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը՝ «Արցախպրես»-ին մեկնաբանություն տալով Թուրալ Գյանջալիևի այն հայտարարության առթիվ, թե իբր նա Ստեփանակերտում գրասենյակի տեղ է փնտրում:

«Դա ադրբեջանական կողմի հերթական հիվանդագին ցանկությունն է, որը ներկայացնում են որպես իրականություն: Այսպիսի էժանագին տեղեկատվական սպեկուլյացիաներով նրանք նպատակ ունեն իրենց հասարակությանը պահելու մոլորության մեջ և նյարդայնացնելու հայ հասարակությանը:

Նրանք չեն կարող ոչ միայն գրասենյակ ունենալ Ստեփանակերտում, այլ նույնիսկ այցելել Ստեփանակերտ: Դրա փոխարեն թող մտածեն մեր բռնազավթված տարածքների վերադարձի մասին, որպեսզի հնարավոր լինի խոսել հակամարտության կարգավորման իրական հեռանկարների վերաբերյալ»,- նշել է Լուսինե Ավանեսյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին