Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից այսօր տարածված հաղորդագրությունն առ այն, թե իբր հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ հայկական ուժերը ձեռնարկել են դիվերսիոն գործողություն և արդյունքում տվել 5 զոհ և 10 վիրավոր, ոչ այլ ինչ է, քան հերթական ապատեղեկատվություն:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը հերքում է ադրբեջանական քարոզչության տարածած տեղեկատվությունը՝ այն որակելով ոչ այլ կերպ, քան այսօր՝ ապրիլի 21-ի գիշերը իր իսկ կողմից շփման գծի հյուսիսարևելյան /Սեյսուլան/ ուղղությամբ ձեռնարկված հետախուզադիվերսիոն գործողության արդյունքում կրած սեփական կորուստները քողարկելու անհույս փորձ:
ՊԲ առաջապահ ուժերը վստահորեն շարունակում են իրականացնել իրենց մարտական դիրքերի պաշտպանությունը և անհրաժեշտության դեպքում դիմում կանխարգելիչ գործողությունների:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն
Հիշեցնենք, որ ապրիլի 20-ի լույս 21-ի գիշերը ժամը 05:15-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան (Սեյսուլան) ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն-հետախուզական ներթափանցման հերթական փորձ:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՊԲ առաջապահ ուժերը ժամանակին հայտնաբերելով ադրբեջանական դիվերսիոն խմբի առաջացումը, անցել են շրջանաձեւ պաշտպանության եւ մերձամարտի բռնվել նրա հետ:
Շուրջ քառորդ ժամ տեւած մարտերի արդյունքում հակառակորդը դեպքի վայրում է թողել արյան բազմաթիվ հետքեր, 5 հատ նռնակի մասեր, ՎՈԳ-25-ի մեկ արկ, 5 դատարկ պահունակ, hատուկ դիպուկահար հրացանի («Վինտարեզի») 1պահունակ` 4 փամփուշտով, կապի համար նախատեսված 1 կոճ, բժշկական ասեղներ, տարբեր տրամաչափի բազմաթիվ պարկուճներ եւ ճողոպրել իրելման դիրքերը:
Ըստ հավաստի տեղեկությունների, ադրբեջանական կողմը մարտի ընթացքում տվել է առնվազն 1 զոհ եւ վիրավորներ: