Սերժ Սարգսյանի հայտարարությունը Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ բանակցությունների արդյունքների վերաբերյալ
Ես կրկին ողջունում եմ Եվրոպական խորհրդի նախագահ պարոն Տուսկին Հայաստանում և իմ գոհունակությունն եմ հայտնում մեր այսօրվա զրույցի վերաբերյալ: Նմանօրինակ հանդիպումները լավ հնարավորություն են Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման հեռանկարները քննարկելու, մեզ հուզող բազմաթիվ հարցերի շուրջ մտքեր ու գաղափարներ փոխանակելու համար:
Մենք շահագրգիռ ենք, որ պարոն Տուսկի պաշտոնավարման ընթացքում Հայաստանի հարաբերությունները մեր կարևորագույն գործընկերներից մեկի՝ Եվրոպական միության հետ շարունակեն ընդլայնվել, ինչը, վստահ եմ, կնպաստի մեր միջև ձևավորված երկարամյա կառուցողական երկխոսությանը:
Մենք արձանագրեցինք, որ Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունները զարգանում են դինամիկ կերպով: Դա վկայում է այն մասին, որ առկա են երկուստեք քաղաքական կամք և հանձնառություն և, որ ամենակարևորն է՝ ընդհանուր արժեհամակարգ, որի վրա կառուցում ենք զարգացման մեր ուղին: Վստահ եմ, որ մեր հարաբերությունների սերտացումը, Հայաստանում ժողովրդավարական գործընթացների և բարեփոխումների հետագա խորացումը կրելու են շարունակական բնույթ:
Այդ մասին են վկայում ինչպես մեր ակտիվ փոխգործակցությունը եվրոպական երկրների հետ երկկողմ մակարդակում, այնպես էլ ԵՄ տարբեր կառույցների հետ շարունակվող աշխատանքը:
Անդրադառնալով ս. թ. մայիսի 21-22-ը կայացած Արևելյան գործընկերության չորրորդ գագաթնաժողովի արդյունքներին` մենք գոհունակությամբ նշեցինք, որ Ռիգայում ամրագրվեց տարբերակված մոտեցմամբ ԵՄ և գործընկեր երկրների միջև փոխշահավետ համագործակցություն ծավալելու հանձնառությունը:
Լիահույս եմ, որ առաջիկայում կմեկնարկեն ՀՀ-ԵՄ նոր իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունները, որոնց հաջող ավարտը նոր էջ կբացի երկկողմ հարաբերություններում:
Մենք նաև կարևորեցինք, որ գագաթնաժողովի մասնակիցները վերահաստատեցին ԵՄ կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում իրենց լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին և 2009թ.-ից ի վեր այդ պետությունների ղեկավարների մակարդակով արված հայտարարություններին, ինչը ևս մեկ անգամ վկայում է լուծումն այլ հարթակներ տեղափոխելու ջանքերի անհեռանկար լինելու մասին:
Որքան էլ Ադրբեջանը փորձի խեղաթյուրել այդ հիմնախնդրի էությունը, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ կամարտահայտությամբ իր ապագան որոշելու իրավունքը վաղուց արդեն չի վիճարկվում, ավելին՝ այն ամրագրված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների հայտարարություններում: Այդ գաղափարի համատեքստում մենք պատրաստ ենք առաջ ընթանալ ողջամիտ փոխզիջումների ճանապարհով:
Անշուշտ, անդրադարձանք նաև այս օրերին համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում գտնվող տարբեր իրադարձությունների և համոզմունք հայտնեցինք, որ այդ իրադարձությունների բարեհաջող ընթացքը իր դրական դերակատարությունը կունենա ինչպես միջազգային, այնպես էլ տարածաշրջանային անվտանգության, կայունության և համագործակցության ամրապնդման գործում։ Մեր երկրի առաջնահերթ շահերից է բխում հարևան Իրանի Իսլամական Հանրապետության բնականոն զարգացումն ու լիարժեք ներգրավվածությունը միջազգային գործընթացներում: Անշուշտ, մենք ցանկանում ենք, որպեսզի մեր դարավոր բարեկամ Հունաստանը օր առաջ կարողանա լուծել իր առջև ծառացած բարդագույն խնդիրը:
Ավարտելով խոսքս՝ նշեմ, որ Եվրոպական խորհրդի նախագահ պարոն Տուսկի այցը լավագույնս վկայում է, որ Հայաստանի և Եվրոպական միության միջև առկա են ընդհանուր ըմբռնում և փոխադարձ հետաքրքրություն` խորացնելու առկա կապերն ու շփման ձևաչափերը:
Շնորհակալ եմ, իսկ հիմա հաճույքով խոսքը տրամադրում եմ Նախագահ պարոն Տուսկին:
***
Շաքե Ղազարյան՝ «Արմենիա» հեռուստաընկերություն - Հարցս ուղղում եմ ՀՀ Նախագահին և Եվրոպական խորհրդի Նախագահին՝ Հայաստանը տարիներ շարունակ կողմնակից է եղել տարբերակված մոտեցմամբ` բարեփոխումների իրականացման գործում գրանցված առաջընթացի հիման վրա ԵՄ հետ հարաբերություններին: Եվ Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովում, կարծեք, երկուստեք ամրագրվեց նման հանձնառություն: Հարցս հետևյալն է` արդյո՞ք Ռիգայի գագաթնաժողովում անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Եվրոպական միություն իրավական նոր փաստաթղթի կնքմանը, և ինչպիսի՞ն են այդ պայմանագրի հեռանկարները:
Սերժ Սարգսյան – Նախ դուք բոլորդ վկաներն եք և կարող եք հանգիստ հաստատել, որ Արևելյան գործընկերության հենց սկզբից մենք խոսում էինք տարբերակված մոտեցման մասին: Ես երբեք չեմ հասկացել, թե ինչպես կարող են Արևելյան գործընկերության ընկերները՝ այդքան տարբեր իրենք բնույթով, իրենց նպատակներով, իրենց ակնկալիքներով, գործել, բանակցել մի ընդհանրական փաթեթի շրջանակներում: Այսօր, երբ խոսում էինք պարոն Տուսկի հետ, ես ասացի՝ տարիներ առաջ էլ եմ իրեն ասել, այսօր էլ, որ մի ընդհանրություն կա: Եկեք այդ ընդհանրության մասին մոռանանք, որովհետև այդ ընդհանրությունը հատկանշական չէ: Ես այն ժամանակ էլ համոզված էի, հիմա էլ համոզված եմ` եթե Ադրբեջանը նավթ ու գազ ունի, խնդրեմ՝ թող Եվրամիությունը համագործակցի Ադրբեջանի հետ այդ ոլորտում: Մենք ցանկանում ենք, որպեսզի մեր երկրում բարեփոխումներ լինեն, մենք ցանկանում ենք, որպեսզի ամրապնդվեն ժողովրդավարական հաստատությունները, մարդու իրավունքները, օրենքի գերակայությունը: Եկեք ա՛յս ոլորտում մենք համագործակցենք: Ես չեմ պատկերացնում Հայաստանի զարգացումն առանց բարեփոխումների, ես չեմ պատկերացնում Հայաստանում բարեփոխումներ առանց եվրոպական փորձի և օժանդակության: Ուստի, մենք, անդամակցելով ԵԱՏՄ-ին, շարունակելու ենք սերտորեն համագործակցել Եվրամիության հետ: Այո՛, կարծում եմ, և պարոն Տուսկն իր ներածական խոսքում ասաց ու մեր հանդիպման ժամանակ էլ ասաց, թե եկել է հաստատելու, որ՝ այո՛, մենք սկսելու ենք նոր իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունները: Բայց, կարծում եմ, իր տեղեկատվությունը ավելի հավաստի կլինի, ուստի, այս երկրորդ ենթահարցի վրա ես շատ ժամանակ չծախսեմ, խոսքը փոխանցեմ պարոն Տուսկին: Նա այս մասով, թերևս, ավելի հանգամանորեն կասի:
Դոնալդ Տուսկ - Շատ շնորհակալություն, պարո՛ն Նախագահ: Շնարհակալություն հարցի համար, որովհետև այն կապված է նաև իմ սեփական պատմության և անձնական ներգարվվածության հետ: Իմ կառավարությունը Արևելյան գործընկերության նախաձեռնողներից էր, և ես խորապես հավատացած եմ, որ այդ գաղափարը իսկապես կարևոր էր ոչ միայն Եվրամիության, այլև Արևելյան գործընկերության 6 պետությունների համար: Կարծում եմ` սա կարելի է եվրոպական մասնագիտացում համարել օգնելու մեր հարևաններին՝ չպարտադրելով մեր առաջարկները և մեր լուծումները: Ահա, դրանով եմ ես այդքան հպարտ, որ ներկայացնում եմ մի կազմակերպություն, որը միշտ պատրաստ է օգնել առանց գաղափարական, տնտեսական ագրեսիայի, եթե հասկանում եք ինչ ի նկատի ունեմ, բայց կարծում եմ՝ բավական պարզ ասացի: Իմ մտադրությունն է այսօր ընդգծել, որ Եվրամիությունը ցանկանում է Հայաստանի հետ ամրապնդել համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում: Ես կարող եմ կրկնել, որովհետև կարծում եմ, որ սա կարևոր է ձեզ համար. մենք պատրաստ ենք համագործակցել Հայաստանի հետ, և մենք հարգում ենք Հայաստանի ընտրությունը՝ լինելու Եվրասիական տնտեսական միության անդամ: Իհարկե, դա որոշ հետևանքներ է առաջացնում, օրինակ` մեր ապագայի հնարավոր համաձայնագիրը մի փոքր այլ կլինի, քան մեր նախկին առաջարկն էր՝ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտին (ԽՀԱԱԳ), բայց ես կարծում եմ, որ և՛ Եվրամիությունը, և՛ Հայաստանը լիովին գոհ և բավարարված կլինեն, երբ մենք ավարտենք մեր աշխատանքը այս նոր համաձայնագրի շուրջ և համոզված եմ, որ մեզ անհրաժեշտ են Արևելյան գործընկերության մեջ որոշ փոփոխություններ, որովհետև Արևելյան գործընկերությունը եղել է և ապագայում պարտավոր է լինել հարմարավետ ձևաչափ ոչ միայն նախաձեռնողների համար՝ օրինակ ինձ, այլև առաջին հերթին դրանում ընդգրկված պետությունների՝ օրինակ Հայաստանի համար: Ես համոզված եմ, որ մենք լավագույն մոտեցումը կգտնենք, որպեսզի ուժեղացնենք մեր համագործակցությունը նաև Արևելյան գործընկերության շրջանակում:
Հովհաննես Քոսյան՝ «Ինտերֆաքս» գործակալություն - Հարցս ուղղում եմ ՀՀ Նախագահին և Եվրոպական խորհրդի Նախագահին՝ փաստ է, որ Ադրբեջանում անցկացված եվրոպական խաղերի օրերին շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին անդորր էր տիրում և հրադադարի խախտումներ գրեթե չնկատվեցին: Սակայն, խաղերից անմիջապես հետո, ականատեսը եղանք սահմանային միջադեպերի վերսկսման: Ավելին, խաղերից անմիջապես հետո նախագահ Ալիևը հիշեց բոլոր հին ու նոր հաշիվները` մեղադրելով, թե Եվրոպական կառույցներին և թե առանձին երկրների` օրինակ Գերմանիային, Եվրոպական խաղերը ստվերելու նպատակով հակաադրբեջանական արշավ ծավալելու, կոռումպացվածության, իսլամաֆոբիայի և նմանատիպ այլ բաներում: Կխնդրեի Ձեր մեկնաբանություններն այս առնչությամբ:
Սերժ Սարգսյան – Ձեր հարցը բաղկացած է երկու մասից: Առաջին մասի վերաբերյալ՝ ես անկեղծորեն եմ ասում՝ Ադրբեջանի ղեկավարությունը մեզ շատ մեծ նվեր մատուցեց՝ անցկացնելով Եվրոպական խաղերը Բաքվում և այդ ընթացքում ապահովելով խաղաղություն, կայունություն ինչպես շփման գծում, այնպես էլ հայ- ադրբեջանական սահմանին: Բայց ավելի ճիշտ՝ ոչ թե խաղաղություն, կայունություն, այլ խաղաղության և կայունության խաբկանք: Ինչո՞ւ եմ ասում՝ նվեր մատուցեց, որովհետև սա, կարծում եմ, վերջին կաթիլն էր, որով միջազգային հանրությունը համոզվեց, թե ո՞վ է լարվածության պատճառը, ո՞վ է լարվածություն ծնում, և ու՞մ ցանկության դեպքում է, որ կարող են երիտասարդներ չզոհվել, որ կարող է չխախտվել հրադադարը: Եվ այստեղ, անշուշտ, ես դիմում եմ ինչպես պարոն Տուսկին, այնպես էլ բոլոր Եվրոպական կառույցներին, որպեսզի հրաժարվեն հավասարության նշան դնելու քաղաքականությունից: Գոնե ինչպես Մինսկի խմբի համանախագահները՝ հունվար ամսին տարբերակված մոտեցում ցուցաբերեն, ասեն` ո՞վ է կրակողը, ո՞վ է լարվածության պատճառը, ո՞վ է պատերազմ ցանկանում, և ո՞վ է պաշտպանում: Երբ այդ հավասարության նշանը կա, և երբ մարդիկ անպատժելիության զգացողություն են ունենում, մարդկանց ոտքերը գետնից կտրվում են: Ահա այդպիսի մի իրավիճակի պատճառով էլ ես անցնում եմ Ձեր հարցի երկրորդ մասին, որ Ադրբեջանի Նախագահը իրեն թույլ տվեց այդպիսի ամբարտավան ելույթի հերթական դրսևորման:
Մենք սովոր ենք, որ շատ դեպքերում այդպիսի լկտի ելույթները հասնում են զավեշտի: Զավեշտական չէ՞, որ մարդ, ով Նախագահ է դարձել ժառանգաբար, ուրիշին մեղադրում է այլոց օգնությամբ Նախագահ դառնալու մեջ: Զավեշտական չէ՞, երբ առավոտից երեկո այլատյացություն քարոզող մարդը Եվրոպային և ուրիշներին մեղադրում է քսենոֆոբիայի մեջ: Զավեշտական չէ՞, երբ հայերին աշխարհի ամենավատ մարդ համարող անձնավորությունը Եվրոպային և Հայաստանին մեղադրում է ռասիզմի մեջ: Զավեշտական չէ՞, որ ինքն ունենալով շատ ավելի վատ հարաբերություն շատ մահմեդական երկրների հետ, իսկ Եվրոպան և Հայաստանն ունենալով շատ ավելի լավ հարաբերություններ, Եվրոպային և Հայաստանի մեղադրում է իսալամաֆոբության մեջ:
Հենց այդ պատճառով եմ ասում, որ հավասարության նշանը պետք է վերացվի, և ես վստահ եմ, որ չնայած այն հանգամանքին, որ նաև եվրոպական կառույցներում և Եվրոպայում շատ մարդկանց համար էլ նավթի ու գազի հոտը ու նաև խավիարի համը զգլխիչ է, այնուհանդերձ, մենք կգանք ճիշտ ճանապարհի: Հակառակ պարագայում ՝ եթե այսպես շարունակվի, եթե բոլորը ներեն ոչ միայն Ադրբեջանի նախագահի խոսքերը, այլ նաև քայլերը, ապա մենք պետք է դիմենք մեր հայտնի հայրենակցին՝ Վիլյամ Սարոյանին և ասենք՝ ժողովուրդ, ինչ-որ տեղ, ինչ-որ բան այն չէ:
Շնորհակալ եմ:
Դոնալդ Տուսկ - Նախ և առաջ` և՛ Հայաստանին և՛ Ադրբեջանին կոչ ենք անում կատարել Մինսկի խմբի շրջանակներում ստանձնած հանձնառությունները: Երկրորդ՝ երկու կողմերը պետք է պատրաստակամություն դրսևորեն գնալու փոխադարձ զիջումների, մտնելու երկխոսության մեջ և ձեռնպահ մնալու որևէ հռետորաբանությունից կամ այլ գործողություններից, որոնք կարող են բարձրացնել լարվածությունը: Կասկած չունեմ, որ խաղաղ լուծմանը այլընտրանք գոյություն չունի, և եթե մենք ցանկանում ենք խաղաղ լուծման հասնել, ապա մենք պարտավոր ենք խուսափել՝ բոլոր կողմերը, բոլոր սուբյեկտերը, բոլոր դերակատարները այս շատ ռիսկային խաղում, պարտավոր են ձեռնպահ մնալ ագրեսիվ խոսքերից և ագրեսիվ հռետորաբանությունից, որովհետև, ինչպես գիտեք, խոսքերը և հռետորաբանությունը քաղաքականության մեջ ունեն հետևանքներ և ժամանակ առ ժամանակ դրամատիկ հետևանքներ: Այդ պատճառով, ես կարծում եմ, որ երբեմն լռությունը գերադասելի է, քան խոսքը, մասնավորապես՝ ագրեսիվ հռետորաբանությունը: Ուստի, ես միանշանակորեն վստահ եմ, որ սա կոչ է այս հակամարտության բոլոր կողմերին և քաղաքական գործիչներին:
Շնորհակալություն:
Աղբյուր` president.am