Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանն, անդրադառնալով լուսանկարիչ Էդգար Հարությունյանի գրառմանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է․« Եվս մի դասական հայ, ում համար առավել կարևոր է, որ ոչնչից չվախեցող, ամեն ինչի վրա թքած ունեցողները երևակայական խուճապի չմատնվեն: Իսկ ճշմարտությունն ասելը դրանից հետո է գալիս:
Այ դրա համար էլ բոլորը թքած ունեն ճշմարտության վրա ու անգամ մեկ գրամ իրականություն իմանալու դեմ պայքարում են ատամներով: Իրենց սուտը ամենակարևոր արժեքն է: Թե չէ հանկարծ կխուճապահարվեն ու վատ կլինի:
Իսկ իրականում այդ դիրքերը ժամանակավոր են: Շատ շուտով Երևանում ադրբեջանական դրոշներ են միայն ծածանվելու: Դրանում չկասկածեք: Ու առավել ևս չխուճապահարվեք: Միևնույն է` թքած ունեք դրա վրա»:
***
Էդգար Հարությունյանի գրառումը՝ ստորև․
«Այն մասին, թե ինչո՞ւ մարդիկ չեն գնում Ջերմուկ «սուրճ խմելու»
Ամռանը տղաներիս հետ մի քանի օրով գնացինք Ջերմուկ «սուրճ խմելու։ Որոշեցինք հաղթահարել Այծասար լեռան գագաթը։ Այծասար լեռը գտնվում է Հայաստանի Հանրապետության կամ այդքան հոլովվող «Իրական Հայաստանի» միջազգայնորեն ընդունված սահմաններից առնվազն 15-20 կմ դեպի ներս։
Հասնում էինք գագաթ, երբ տղաս ասաց.
- Պա’պ, գագաթին ոնց որ պոստ կա։
Ախր ի՞նչ պոստ, քաղաքին այդքան մոտ, մեջքիս հետևում Ջերմուկն էր իր ողջ գեղեցկությամբ, ընդամենը 3-4 կմ հեռավորության վրա, ո՞նց կարող է դիմացս պոստ լինել։ Հասանք գագաթ, պարզվեց, որ իրականությունը շատ տարբեր է իմ պատկերացումներից։
Որքան էլ լսած լինեի, որ թշնամին Ջերմուկի ուղղությամբ առաջ է եկել, չէի պատկերացնում, որ խոսքը ընդհուպ քաղաքի մատույցների մասին է։
Ինչևէ, անտանելի շոգ էր, մի փոքր զրուցեցինք ժամկետայինների հետ, ջրի պաշարները լրացրեցինք ու իջանք քաղաք, իսկ ես մտադիր էի հաղթահարել նաև դիմացի գագաթը, բայց այն մեր հսկողության տակ չէր, ու եթե նախապես որոշեի, որ սկզբում հաղթահարելու ենք վերջին գագաթը, ապա վերոհիշյալ պոստը ձորակով շրջանցելու էինք, ու այսօր դժվար թե դուք կարդայիք այս գրառումը։
Այն, ինչ պատմեցի, իրականում գաղտնիք չէ, ու Ջերմուկի բնակիչներն այդ մասին շատ լավ գիտեն։
Ջերմուկի կենտրոնում զբոսնելիս էլ շատ լավ երևում են թշնամու նոր դիրքերը, ու ճիշտն ասած, ամենևին էլ մեղադրելի չէ, երբ մարդիկ չեն գնում Ջերմուկ սուրճ խմելու»։