Օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը` ժամը 3:00-ի սահմաններում, Ադրբեջանի տարածքում հայտնված և գերեվարված զինվոր Հակոբ Ինջիղուլյանի մասին հարազատները դեռ որևէ տեղեկություն չունեն. նրանք սպասողական վիճակում են: Այս մասին ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արագածոտնի մարզի Ոսկեվազ համայնքի ղեկավար Հայկ Հովհաննիսյանը:
«Երեկ Հակոբի հայրը` Գևորգ Ինջիղուլյանը հանդիպել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Յուրի Խաչատուրովին, ով հավաստիացրել է, որ ՊՆ-ն և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն կանեն հնարավոր ամեն ինչ` զինվորին վերադարձնելու համար»,- մեզ հետ զրույցում ասաց համայնքի ղեկավարը:
ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ևս հավաստիացրել է, որ Հայկական կողմը և Կարմիր խաչի միջազգային կոմիտեն համատեղ քայլեր են ձեռնարկում Հ. Ինջիղուլյանի նկատմամբ մարդու իրավունքների միջազգային չափանիշների և միջազգային մարդասիրական իրավունքի նորմերով նախատեսված բոլոր երաշխիքներն ապահովելու և վերջինիս հնարավոր սեղմ ժամկետում վերադարձնելու ուղղությամբ:
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի երևանյան գրասենյակից ASEKOSE.am-ի թղթակցին հայտնեցին, որ այս պահի դրությամբ զինվորի մասին որևէ տեղեկություն չկա:
Արդեն տեղեկացրել էինք, որ երեկ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի երևանյան գրասենյակը դեպքի մասին տեղեկացրել է Բաքվի գործընկերներին:
Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 3:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների՝ տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով 1991թ. ծնված շարքային զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը, հատելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանը, հայտնվել է հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում և գերեվարվել:
Հասմիկ Գյոզալյան