Հայաստանն այնպես են քանդել ու ավերել, որ արագ հնարավոր չէ կարգի բերել: Պետք է համբերել, աջակցել ու սպասել,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ կոչ արեցին դրամատուրգ Կարինե Խոդիկյանը, երաժիշտ Եղիշե Պետրոսյանն ու բեմադրիչ Նիկոլայ Ծատուրյանը:
-Ունենք ժողովրդի վստահության քվեն ստացած վարչապետ և ժամանակավոր կառավարություն: Առաջնահերթ են արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որոնք թույլ կտան ունենալ քաղաքական համակարգը և հնարավոր կլինի անել այն փոփոխությունները, որոնց սպասում ենք,-ասաց դրամատուրգ Կարինե Խոդիկյանը:
Ինչ վերաբերում է հաճախ անցկացվող հավաքներին, որոնք վերաբերում են այս կամ այն խնդրին՝ դրամատուրգը նկատեց.
-Բնական է, ջուրը երբ հավաքվում է ու բաց են թողնում, սկզբում անգամ ջրհեղեղի վտանգ է լինում: Ուզում եմ շնորհակալությունս ու հերթական հիացմունքս հայտնել Շանթ Հարությունյանին, ում կերպարը մեր ժամանակների համար ամենասկզբունքային մարդու կերպարն է: Երկրի ապագայով տագնապած, սթափության կոչ անող նրա հայտարարությանը պետք է ականջալուր լինեն բոլորը: Մեկ անգամ լսենք մարդու, ով կյանքի մեծ մասն արդարության պայքարի համար անցկացրել է ճաղերի հետևում:
Նիկոլայ Ծատուրյանը շարունակելով հավաքների թեման՝ նշեց.
-Ոչ երնեկ Նիկոլին: Այո՛, հավանում եմ նրա մարդկային տեսակը, բայց նրան կուռք դարձնել պետք չէ: Դա փչացնում է մարդուն: Եվ, հետո, մի՛ խանգարեք այս մարդուն: Ամեն ինչ անում եք, որ սկսի հասկանալ՝ Սերժը ճիշտ էր անում, որ ժողովրդին իրենից հեռու էր պահում: Բա կարելի՞ է անընդհատ սելֆի, հարցեր... Բա թոշակս, բա տունս: Հերի՛ք է, էլի: Զբաղվե՛ք Հայաստանի շինարարությամբ, հերի՛ք է: Այն ժամանակ ասում էիք՝ աշխատենք, կգնա նրանց գրպանը, հիմա գիտեք, որ նպատակային է արվում:
Անի Կարապետյան