▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամեն օր երեկոյան ժամը 20:00-ին լինելու եմ Ազատության հրապարակում. Թամար Հովհաննիսյան

Թամար Հովհաննիսյան. ամեն օր երեկոյան ժամը 20:00-ին լինելու եմ Ազատության հրապարակում

Մհեր Մկրտչյանի կինը` դերասանուհի Թամար Հովհաննիսյանը, կոչ է անում շարունակել պայքարը: Նա ֆեյսբուքյան իր էջում  գրում է.

«Ես ամեն Աստծու օր երեկոյան ժամը 20-ին լինելու եմ Ազատության հրապարակում:

Լինելու եմ, եթե նույնիսկ միակը լինեմ ու շրջապատված պսպղուն հեծանիվ քշող փոքրիկներով: Լինելու եմ շուրջն եղող սրճարաններում նստած «հաճախորդներով», որոնք տասնհինգ օր շարունակ կիսատ չթողեցին իրենց գարեջրի գավաթը, չմիացան մեզ, բայց այդ բաժակը բարձրացրին ու խմեցին «տղեքի կենացը, ախպեր, հալալ ա իրանց», լինելու եմ, քանի որ ամեն ինչ դեռ նոր է սկսվում, առանց տագնապի ո՛ւ կազմակերպված, ո՛ւ հետեւողական:

Շատ գործ կա անելու: Իրավապաշտպանների, քաղաքական վերլուծաբանների, փաստաբանների ու այլ լուրջ ու խելացի, տաղանդավոր մասնագետների հետ, երիտասարդների հետ:

Առաջին ամենագլխավոր համաժողովրդային պահանջը՝

Չընտրված նախագահի հրաժարականը եւ ժողովրդի վստահված կառավարության ձեւավորումը:

Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները:

Ոստիկանության ղեկավարության դեմ դատ հարուցել Եվրադատարանում առ այն, որ իրենց շարքերում գործում է օլիգարխների թիկնազորը՝ դոպինգներ ընդունած վիճակում, եւ դիմում գործողությունների, որի հրամանը չի արձակել ոստիկանապետն անգամ իր ոչ ընդունելի նկարագրով, այլ հրամանը տրվել են իրենց քրեական հանցագործ տերերը, պաշտպանելու համար իրենց թալանածը:

Բոլոր նրանք, ովքեր ձերբակալվել են այս օրերին եւ խոշտանգումների ենթակվել պիտի ազատ արձակվեն եւ դատ բացեն ոստիկանության ու նրանց անընդունելի մեթոդների դեմ:

Պիտի շարունակենք պահանջել, բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջը:

Առաջնային խնդրի հետ միասին, որ նախագահի հրաժարականն է, այսօր պիտի զբաղվենք վիրավոր «Սասնա ծռերի» առողջական վիճակի եւ պայմանների վերահսկողությամբ, ինչը որ արդեն անում են նրանց փաստաբանները, բայց պիտի լինի համաժողովրդական ճնշում նրանց գործին նպաստելու համար:

Նորից դիմում եմ սփյուռքահայերին: Իմ համեստ կարծիքով՝ տեղում ձեր բողոքները արդյունք չեն տալիս: Եթե հնարավոր է, գիտեմ դժվար բան է ասածս, բայց օգոստոսն է, եկեք Հայաստան, եկեք խմբերով, ընտանիքներով: 

Սփյուռքահայ հայտնիներին՝ Արսինեի, որ միակը եղավ այս օրերին եւ ահագին օգուտ բերեց, օրինակով բոլորդ՝ ՄԱՐԿ ԿԻՐԱԿՈՍԻՑ սկսած մինչեւ Սերժ Թանկյան ու Արսինեի ամուսին Ատոմ, եկեք, եկեք ձեր հայտնի օտարազգի ծանոթներով, պարտադիր չէ, «Ոսկե ծիրան» լինի, որ գաք, մեր պատմության մեջ երկրորդ ոսկե դարն է սա:

Նորից եմ դիմում մեր մեծ ժողովրդականություն վայելող անձերին: Դուրս եկեք, հրապարակ, ձեր ետեւից մարդիկ կգան, Թաթա, Ձախ Հարութ, կամ կանգնեք հրապարակում, կամ ձեր երգացանկից իսպառ հանեք հայրենասիրական երգերը, դրանք ձեզ մինչ օրս լա՜՜՜վ կերակրել են:

Եթե մի քիչ մտահոգ եք «Սասնա ծռերի» կյանքով ու առողջությամբ, մեր ազգի ու երկրի հարատեւությամբ, դուրս եկեք ձեր տներից ու եկեք, ամեն ինչ դեռ նոր է սկսվում, շատ գործ կա անելու, որ պիտի անենք միասին: ՄԻԱՑԵՔ...»:

Կարդացեք նաև՝ Սերժ Թանկյանին Մհեր Մկրտչյանի այրին հրավիրում է Հայաստան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին