▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ամանորյա ուղերձը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը Ամանորի առթիվ.

«Սիրելի բարեպաշտ ժողովուրդ,

Տարեմուտի տոնական այս երեկո Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր սերն ու օրհնությունն ենք բերում ձեզ, սիրելի հավատավոր ժողովուրդ` ի Հայրենիս եւ ի Սփյուռս:

Դիմավորում ենք փրկչական 2014 թվականը: Մեր Տիրոջ Սուրբ Ծննդյան խորհրդով նոր տարի է սկսվում: Ժամացույցի ազդարարող զարկերի հետ մեր եկեղեցիներում աղոթք ենք բարձրացնելու երկինք, որ 2014 թվականը լինի երկնային օրհնությամբ ու շնորհներով լեցուն տարի եւ աշխարհն ավելի մոտեցնի խաղաղության ու մարդկանց մեջ հաճության այն օրհնյալ օրվան, երբ չեն լսվի թշնամության ձայներ ու պատերազմի որոտ, երբ ամենուր կյանքը կծաղկի եղբայրսիրության, բարօրության ու խնդության մեջ:

Աստծո շնորհով 2013 թվականին մեր կյանքում ունեցանք բարի արդյունքներ, նաեւ կրեցինք դժվարություններ, ինչպես Հայրենիքում, այնպես եւ` Սփյուռքում: Մեր առջեւ դեռ ծառացած են մնում մեր երկրի զարգացման, մեր արդար իրավունքների պաշտպանության, մեր պետականության ամրապնդման, ազգային եւ հոգեւոր մեր կյանքը շենացնելու խնդիրները:

Մեզ մտահոգում է Մերձավոր Արեւելքում հակամարտությունների մեջ ապրող հայորդյաց դժվարին վիճակը: Լի ենք հավատով, որ ազգիս զավակունք, ինչպես միշտ, պիտի միավորվեն հայրենյաց եւ ազգի սիրով եւ հաղթահարեն հոգսաշատ կյանքը Հայրենիքում` դարձնելով այն ազգին համախմբող բարօր տունը հայության. պիտի միավորվեն միմյանց սատարելու եւ զորավիգ լինելու` հայրենաշեն ու ազգաշեն ձեռնարկներին:

Այս առումով, սիրելիներ, ինչպես առաքյալը պիտի ասեր` «մեծ վստահություն ունեմ ձեր հանդեպ, մեծապես հպարտ եմ ձեզնով... » (Բ Կորնթ. 7. 4), որովհետեւ հավատավոր մեր ժողովուրդը անվեհեր դիմակայում է դժվարությունների, համբերում նեղությունների մեջ եւ ապրում լուսավոր իր գալիքը կերտելու վճռականությամբ` հաստատուն պահելով վերածնվող, ազատ իր կյանքի վերընթաց ուղին:

Տարեմուտի այս երեկո Հայրապետիս հորդորն է մեր սիրեցյալ ժողովրդին, որ տարին ապրենք որպես հոգեւոր նորոգության եւ ուխտի տարի: Մեր կյանքի հիմը դարձնենք ազնիվն ու արդարը, բարձր պահենք քրիստոնեական մեր արժեքները, ուղղենք մեր սխալներն ու բացթողումները` մերժենք եւ մեզանից հեռու վանենք մեր առաջընթացը կասեցնող երեւույթները, որպեսզի ի զորու լինենք շենացնել ու ծաղկեցնել մեր կյանքը Հայրենիքում եւ ի Սփյուռս աշխարհի եւ 2015 թվականին մաքուր խղճով կանգնենք հիշատակի առջեւ մեր Միածնաէջ Սուրբ Տաճարի առջեւ Մեր հայցն ենք առաքում առ Բարձրյալը, որ 2014 թվականը խաղաղություն բերի աշխարհին համայն, բարի կամք` մարդկանց ու ժողովուրդներին` հակամարտությունները կարգավորելու եւ հաստատելու հուսառատ ուղիներ Աստծո օրհնությունն ու ամենառատ շնորհներն ենք հայցում մեր երկրին եւ աշխարհասփյուռ մեր ժողովրդին:

Աղոթում ենք նեղությունների մեջ գտնվող, դժվարություններ դիմակայող մեր ազգի զավակների համար, Մեր մաղթանքն ենք բերում Հայրենիքի սահմանները պաշտպանող Հայոց բանակի մարտիկներին եւ բոլոր նրանց, ովքեր տարեմուտը դիմավորում են ծառայության մեջ: Թող Տերը պարգեւի ամենքիս, սիրելիներ, քաջառողջությամբ, բարիքով, ուրախությամբ լի տարի: Շնորհավոր նոր տարի»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին