ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք. թմրամիջոցը Հայաստան է ներմուծվել ԱՄՆ-ից:
Քրեական գործով իրականացված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող խմբի անդամների ինքնությունը, որոնցից մեկը բնակվում է ԱՄՆ-ում, 2-ը՝ Հայաստանում:
Այսպես՝ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ում բնակություն հաստատած, ազգությամբ հայ տղամարդը պայմանավորվածություն է ձեռք բերել ՀՀ-ում բնակվող իր մանկության ընկերոջ և վերջինիս ծանոթի հետ՝ առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց իրացնելու վերաբերյալ: Պայմանավորվածության համաձայն՝ ԱՄՆ-ում ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց և այն ծանրոցի մեջ քողարկելով ուղարկել Հայաստանի Հանրապետություն: ՀՀ-ում ընկերն այն ստացել է և իրացնելու նպատակով փորձել թմրամիջոցով ծանրոցը փոխանցել խմբի մյուս անդամին, սակայն հայտնաբերվել է։
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ ՀՀ-ում բնակվող 2 քաղաքացիների մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։ Նրանց մասով քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան։
Միաժամանակ քննիչը որոշում է կայացրել՝ ԱՄՆ-ում բնակվող տղամարդուն ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի, 267.1 հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում: Նրա վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ և հանձնարարություններ տրվել ոստիկանության համապատասխան բաժնին միջոցներ ձեռնարկել՝ հետախուզվողին վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԱՄՆ-ից Հայաստան է ներմուծվել առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet