▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ԱՄՆ-ն կկիրառի իր ձեռքում եղած ողջ գործիքակազմը՝ խափանելու Բաքվի ու Երևանի միջև «ոչ խաղաղ ճանապարհով» առևտրային ուղիների վերաբացումը»

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը տեղեկացրել է նոյեմբերի 27-ին Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի հետ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի առանձին հեռախոսազրույցների մասին: 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում պետքարտուղար Էնթոնի Բլինքենը քննարկել է ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրին հասնելու ջանքերը։ Ըստ հաղորդագրության՝ «պետքարտուղարը վերահաստատեց Միացյալ Նահանգների շարունակական աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և ընդգծեց Հայաստանի հետ երկկողմ համագործակցությունը մեծացնելու ջանքերը», քա ի որ Վաշինգտոնը աջակցում է վերջինիս՝ բարեկեցիկ և ժողովրդավարական ապագայի վերաբերյալ տեսլականը։

Իր հերթին, պետքարտուղարության խոսնակի հաղորդագրության համաձայն, նույն օրը պետքարտուղար Էնթոնի Բլինկենը զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

«Պետքարտուղարը ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև երկարատև և արժանապատիվ խաղաղության համաձայնագիր կնքելու նախագահ Ալիևի հանձնառությունը։ Պետքարտուղարը գիտակցում է այն ողջ տառապանքը, որ այս երկարատև հակամարտությունը պատճառել է ինչպես ադրբեջանցիներին, այնպես էլ հայերին, և ընդգծել այն օգուտները, որոնք խաղաղությունը կբերի բոլորին տարածաշրջանում: Պետքարտուղարը քննարկել է Ադրբեջանի հետ մեր [ԱՄՆ-ի] ամուր հարաբերությունները, մատնանշել հարաբերություններում առկա վերջին շրջանի մտահոգիչ դրույթները, ինչպես նաև խոսել համագործակցության ամրապնդման հնարավորությունների, հատկապես խաղաղ գործընթացի շուրջ, և բարձր մակարդակով ներգրավվածության կարևորության մասին»,- ասված է պետքարտուղարության խոսնակի անունից տարածված հաղորդագրության մեջ:

Ամերիկայի Ձայն

Թարմացված․ ԱՄՆ պետքարտուղարության բարձրաստիճան ներկայացուցիչը նախազգուշացրել է՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ոչ խաղաղ ճանապարհով» առևտրային ուղիների վերաբացման դեպքում, ԱՄՆ-ն կկիրառի իր տրամադրության ներքո եղած ողջ գործիքակազմը՝ խափանելու այն։ Մասնավորապես, նման հայտարարություն է արել Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ’Բրայանը՝ նոյեմբերի 27- ին լրագրողների հետ առցանց հարցուպատասխանի ժամանակ, երբ անդրադարձել է նաև Հարավային Կովկասին, ու մասնավորապես՝ Հայաստանի ու Ադրբեջանին միջև հակամարտությանը, տեղեկացնում է «Ամերիկայի ձայն»-ը: «Տեսնում ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն հաստատելու իրական հնարավորություն (կա)։ Ուրախ ենք, որ երկու կողմերի միջև առկա է ուղիղ և միջնորդավորված երկխոսություն: (Խաղաղության հաստատումը) ողջ տարածաշրջանի համար օգուտ քաղելու իրական հնարավորություն կլինի։ Օրինակ, եթե հնարավորություն լինի Կենտրոնական Ասիայից ուղղել առևտրի հոսքը Ադրբեջանով ու Հայաստանով դեպի Թուրքիա, ապա այն էական խթան կհանդիսանա այդ առևտրային ճանապարհին ընկած բոլոր երկրների համար։ Ողջունում ենք, որ այդ ամենի մասը դառնալու հնարավորություն կա։ Միևնույն ժամանակ, եթե որոշում կայացվի այն իրականացնել ոչ խաղաղ ճանապարհով, ապա ստիպված կլինենք օգտագործել մեր տրամադրության ներքո ունեցած բոլոր գործիքները, որպեսզի խուսափենք նման առևտրային ճանապարհի ստեղծումից։ Բավականաչափ հստակ ենք եղել կողմերի հետ, թե այստեղ ինչի հույս ունենք, ինչպես նաև [խոսել ենք] այլ կերպ առաջ շարժվելու հետևանքների մասին: Այսպիսով, անհամբեր կսպասենք, թե կողմերի միջև երկխոսությունն ինչ ընթացք կստանա: Մեզ հայտնի է, որ նրանք շահագրգռվածություն են հայտնել առաջիկայում կնքել խաղաղության համաձայնագիր։ Կցանկանայինք տեսնել, որ այն իրականություն է դառնում»,- հայտարարել է Օ’Բրայանը:

Թարմացված․ Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ'Բրայանը նոյեմբերի 27- ին Բրյուսելից լրագրողների հետ առցանց ճեպազրույցի ժամանակ պատասխանել է Հայաստանի ու Արևմուտքի միջև անվտանգային ոլորտի համագործակցության, մասնավորապես, Խաղաղության եվրոպական հիմնադրամի կողմից հնարավոր աջակցության և ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի հարաբերությունների զարգացման մասին հայ լրագրողի հնչեցրած հարցերին:

Պետքարտուղարի տեղակալը առաջարկեց, որ Հայաստանին Եվրոպական խաղաղության հիմնադրամի միջոցով աջակցության հետ կապված հարցին պատասխանեն իր ԵՄ գործընկերները։ Դրա հետ մեկտեղ, Ջեյմս Օ՛Բրայանը հավելեց.

«Վարչապետ Փաշինյանը շատ համարձակ է գործել ու հասկացրել, որ ձգտում է, որ Հայաստանն առաջ շարժվի սահմանների և Արևմուտքի հետ հարաբերությունների բացման ուղղությամբ՝ չցանկանալով, որ Հայաստանը ամբողջապես կախված լինի Ռուսաստանից, այնպես, ինչպես ձգտում էին դրան նախկին առաջնորդները: Նա ձեռնարկել է մի շարք բարեփոխումներ, որոնք պետք է շատ խրախուսելի լինեն Հայաստանի քաղաքացիների համար, քանի որ միտված են ապահովելու այնպիսի արագ տնտեսական աճ, որն ունեցել է [Հայաստանը] վերջին մեկ կամ երկու տարվա ընթացքում:

Կարծում եմ, որ վարչապետ Փաշինյանը նաև համարձակորեն բարձրաձայնել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի մասին, որը թույլ կտա Հայաստանին կենտրոնանալ իր տնտեսական զարգացման վրա, կառուցել իր անվտանգային հարաբերությունները և ընդլայնել առևտուրը Կենտրոնական Ասիայից մինչև Թուրքիա, և այս ամենը մի բան է, որը մենք շատ կցանկանայինք տեսնել: Այնպես որ, Հայաստանին աջակցող ցանկացած փաթեթ ողջունելի է: Այն, թե ինչպես ԵՄ-ը կորոշի դա իրականացնել այնտեղ, իր գործն է, բայց մենք հանձնառու ենք աշխատել մեր եվրոպացի գործընկերների և Հայաստանի կառավարության հետ՝ վստահ լինելու համար, որ Հայաստանի ժողովուրդը կարող է օգուտ քաղել Փաշինյանի կառավարության ձեռնարկած բարեփոխումների քաղաքականությունից»,- նշել է Ջեյմս Օ'Բրայանը:

Ամերիկայի Ձայն

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին