Այսօր՝ նոյեմբերի 16-ին, ՀՀ կառավարության հերթական նիստին, վարչապետ Կարեն Կարապետյանն իր հանձնարարականների շրջանակներում անդրադարձավ անչափահասներին ծխախոտ, ալկոհոլային խմիչքներ վաճառելու եւ գիշերային ակումբներ հաճախելու խնդրին:
Վարչապետը նշեց, որ իրականացված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ անչափահասներին ծխախոտ, այդ թվում՝ նարգիլե, ալկոհոլային խմիչքներ եւ այլ արտադրանքներ վաճառելու, 18 տարին չլրացած անձանց գիշերային ակումբներ եւ զվարճանքի այլ վայրեր մուտք գործելու դեպքերը կանխարգելելու հանգամանքներն անբավարար են, իսկ որոշ դեպքերում՝ չկանոնակարգված և ավելացրեց.
«Ավելին, նման դեպքերը ուսումնասիրելու հստակ լիազոր պետական մարմին նախատեսված չէ, փոխարենը նախատեսված են մի քանի մարմիններ ու հստակեցված չեն գործառույթները»:
Կարեն Կարապետյանը արդարադատության, տնտեսական զարգացման եւ ներդրումների, առողջապահության, տարածքային կառավարման եւ զարգացման նախարարներին, Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին, ոստիկանության պետին, ինչպես նաեւ Երեւանի քաղաքապետին հանձնարարեց վերոնշյալ դեպքերի հետ կապված պատասխանատվության միջոցների կանոնակարգման, ինչպես նաեւ լիազոր մարմնի գործառույթների հստակեցմանն ուղղված առաջարկություններ եւ ներկայացնել կառավարության աշխատակազմ:
Վարչապետի մյուս հանձնարարականը՝ստորև տեսանյութում


