«Նոր իշխանությանը ժամանակ պետք է տրվի, որպեսզի չլուծված խնդիրների հարցերը կարգավորվի, թե չէ ստացվում է՝ բողոքում են ներկայիս իշխանությունից այն գործողությունների համար, որ կատարել է նախկինը»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը՝ հավելելով.
«Կան գործողություններ, որոնք պահանջում են մանրակրկիտ ուսումնասիրություն, իրավական և ոչ թե քաղաքական լուծում: Մեկը «Սասնա ծռեր»-ի գործն է: Կտրուկ պահանջները տեղին չեն: Օրերս Amnesty International կազմակերպությունը անդրադառնալով Երևանում 2016 թվականին պարեկապահակային ծառայության գնդի տարածքի գրավման և դրան հաջորդած դեպքերին՝ նշել էր, որ առկա են ազատ արդար դատավարության հետ կապված խնդիրներ, դատավարությունների ընթացքում քաղաքացիների արդար դատավարության իրավունքները որոշակի չափով խախտվել են: Սակայն, Amnesty International-ը չի կարող այդ անձանց որակել որպես խղճի բանտարկյալներ, քանի որ արձանագրվել է բռնության կիրառման դեպք: Այլ հարց է՝ արդյո՞ք արդար դատավարություն է ընթանում «Սասնա ծռեր»-ի նկատմամբ: Ես գիտեմ, որ բազում գործողություններով ոտնահարվում է այդ արդար դատավարության իրավունքը: Ի դեպ, դատական համակարգում կա հասարակական կազմակերպություն, որը առաջին ատյանի դատարանների նախագահների միությունն է: Ճիշտ ժամանակն է՝ նրանց դիմել, որպեսզի իրականացնեն ճնշումն ու մշտադիտարկումը»:
Անի Կարապետյան